Հուլիսի 24-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի արդյունաբերության նախարար Վրեժ Սափունջյանի հետ:
Զրուցակիցները կարևորել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ու ընդլայնման անհրաժեշտությունը: Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել աշնանը Երևանում հայ-լիբանանյան գործարարների համաժողով կազմակերպելու վերաբերյալ: Համոզմունք է հայտնվել, որ համաժողովը, որին կմասնակցեն հնարավոր ներդրողներ, արդյունաբերողներ, գործարարներ, ֆրանչայզինգի ընկերություններ, կնպաստի երկու բարեկամ երկրների փոխհարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը: Կարևորվել է նաև MEA ավիաընկերության Բեյրութ-Երևան-Բեյրութ ուղիղ չվերթների իրականացումը, ինչը նույնպես կարող է նպաստել զբոսաշրջության և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, գործարար շրջանակների ներկայացուցիչների փոխայցելությունների ակտիվացմանը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:
Նախարար Սափունջյանը խոստացել է մանրամասնորեն ուսումնասիրել դեսպան Քոչարյանի կողմից տրամադրած ներդրումային ծրագրերն ու հայկական արտադրության ապրանքների ցանկը, ինչն անկասկած կօգնի լիբանանյան գործարարների պատվիրակության անդամների ընտրության հարցում:
Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել Լիբանանի ներքաղաքական և տարածաշրջանային խնդիրներին, ինչպես նաև Հայաստան-սփյուռք փոխգործակցությանը:





