Սեպտեմբերի 1-ին Շուշիի ռեալական ուսումնարանի բակում տեղի կունենա Անդրեյ Բաբաևի «Արծվաբերդ» օպերայի պրեմիերան, որը նվիրվում է Արցախի անկախությանը: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբաբյանը:
«Շուտով կսկսվեն նախապատրաստական աշխատանքները: Ռեժիսորը Ժիրայր Դադասյանն է, բեմադրիչը` Սարինե Ավթանդիլյանն է:
Սա Հայաստան-Արցախ համատեղ մեծ ծրագիր է և բացի մշակութային առաքելությունից, այս նախագիծը նպատակ ունի ուշադրություն հրավիրել Շուշիի ռեալական ուսումնարանի վրա, որովհետև այդ ուսումնարանը Շուշիի և տարածաշրջանի ամենահայտնի կրթօջախներից է, բայց այսօր այն ավերված է: Մենք շահագրգռված ենք, որ այն վերականգնվի, ինչի համար միջոցներ են պետք: Սա է պատճառը, որ նման նախագծով ուզում ենք ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրել կրթօջախի վրա»,-ասաց նախարարը:
Նարինե Աղաբաբյանը նշեց, որ առաջին անգամը չէ, որ Արցախում նման նախագիծ է իրականցվում.
«Տարիներ առաջ Կամերային նվագախումբը նման մի ծրագիր իրականացրեց, և արձագանքը շատ դրական էր: Ըդհանրապես, Արցախում նման միտում կա.փորձում ենք մշակութային հուշակոթողների մոտ նման միջոցառում անելով` այդ խնդրի վրա ուշադրություն հրավիրել: Օրեր առաջ նման մի միջոցառում էլ Տիգրանակերտում տեղի ունեցավ, «Կարինե» օպերայի բեմադրությունը կազմակերպվեց այնտեղ, ամրոցը ծառայեց որպես բեմ: Հանդիսատեսի անակնկալ հոսք եղավ երկու օր շարունակ: Սա նշանակում է, որ հետաքրքրություն կա և նման ձևով ներկայացնելը արդյունավետ է»:
Նախարարը նշեց նաև, որ «Արծվաբերդը» Շուշիում կներկայացվի միայն մեկ անգամ, սակայն կնկարահանվի և սկավառակներով կտարածվի:
Նշենք, որ Անդրեյ Բաբաևն այս օպերան գրել է 1957 թվականին: Առաջին բեմադրությունը եղել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:





