AM
25 Հուլիս 2013 - 13:01 AMT

Փրկարարներն ու զինվորները ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն կանցկացնեն

Հուլիսի 26-ին՝ ժամը 15.30-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների և պաշտպանության նախարարությունները համատեղ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում անցկացնում են «Անձնակազմի պաշտպանության միջոցառումների կազմակերպումը հրդեհի դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, ասվում է ԱԻՆ մամլո հաղորդագրության մեջ:

Նպատակներն են` • կատարելագործել ռազմական ինստիտուտի կազմավորումների և արձագանքող ուժերի համագործակցությունը փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների դեպքում. • ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը. • կատարելագործել անձնակազմերի փրկարարական աշխատանքների գործնական հմտությունները:

Ուսումնավարժությանը ներգրավված են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության 2 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք, ճանապարհային ոստիկանության 2 հաշվարկ և շտապօգնության ծառայության 1 բրիգադ:

Մտահղացման համաձայն` հրդեհ է բռնկվել ռազմական ինստիտուտի հրետանային ֆակուլտետի ուսումնական մասնաշենքի 4-րդ հարկում: Աշխատակիցների կողմից ձեռնարկվել են նախնական հրդեհաշիջման միջոցառումներ, սակայն հրդեհը մարել չի հաջողվել և այն տարածվել է շենքում, որտեղ մարդիկ են արգելափակվել: Հրդեհից և ծխից խուսափելով որոշ աշխատակիցներ բարձրացել են հարակից 6-հարկանի շենքի տանիք: Կան «տուժածներ»։