AM
25 Հուլիս 2013 - 14:19 AMT

Հայաստանում կբացվի Ռելյատիվիստիկական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի գրասենյակը՝ ICRANet-Yerevan

Հուլիսի 25-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և Ռելյատիվիստիկական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի (ICRANet) միջև ստորագրվեց գիտության և կրթության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր։

Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրեց ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռ. Մարտիրոսյանը, իսկ Ռելյատիվիստիկական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի կողմից՝ կենտրոնի տնօրեն Ռ. Ռուֆֆինին:

Համաձայն համաձայնագրի ՀՀ-ում բացվելու է Ռելյատիվիստիկական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի գրասենյակը՝ ICRANet-Yerevan կենտրոնը։ ICRANet-Yerevan կենտրոնը գործելու է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կազմում, իրականացնելու է տեսական և դիտողական հետազոտություներ ռելյատիվիստական աստղաֆիզիկայի և կոսմոլոգիայի բնագավառներում, ինչպես նաև աջակցելու է ՀՀ-ում ժամանակակից գիտական ենթակառուցվածքների ստեղծմանն ու զարգացմանը:

Համաձայնագրի շրջանակներում հատուկ ուշադրություն է դարձվելու տարածաշրջանային գիտական կենտրոնների հետ համատեղ հետազոտությունների խթանմանը: Կենտրոնը ICRANet-ի հետ միասին ներգրավված է լինելու հետբուհական և հետդոկտորական միջազգային ծրագրերի իրականացման գործընթացում, կազմակերպելու է գիտական դպրոցներ և գիտաժողովներ: Մասնավորապես, առաջին միջազգային գիտաժողովը և ամառային դպրոցը նախատեսվում է անցկացնել 2014թ. հունիս-հուլիս ամիսներին:

ICRANet-Yerevan կենտրոնի ֆինանսավորումը սկսվելու է 2014թ.: