AM
25 Հուլիս 2013 - 14:24 AMT

ԲՀԿ. Քաղաքացուն տված ցանկացած պաշտոնյայի խոստում պետք է անբեկանելի լինի

Այսօր Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ կայացել է ԲՀԿ խմբակցության և Երևանի քաղաքապետի հանդիպումը: ԲՀԿ-ն տարածած հայտարարությունում, որն ամփոփում է հանդիպումը, ասվում է.

«Ըստ էության, բովանդակային քննարկում, որպես այդպիսին չի եղել: Երևանի քաղաքապետը ներկայացրել է իր դիրքորոշումն ու հիմնավորումները տրանսպորտի սակագնի բարձրացման վերաբերյալ, ինչը մեզ համար շարունակում է մնալ անընդունելի: Հարցի լուծումը գտնելու նպատակով հանձնաժողով ստեղծելու առաջարկը ևս այս պահին համարում ենք ոչ արդյունավետ, քանզի դա խնդրի լուծումը արհեստականորեն ձգձգելու է: Տրանսպորտի ոլորտը բարելավելու նպատակով հանձնաժողով կարող է ստեղծվել միայն նախկին սակագնին վերադառնալուց հետո:

ԲՀԿ խմբակցությունը մնում է իր այն վստահ դիրքորոշմանը, որ սոցիալական այս գերլարված պայմաններում օր առաջ պետք է լուծում տալ այս խնդրին: Որպես առաջին քայլ՝ վերադառնալ նախկին գործող սակագնին, ինչպես նաև սոցիալական փաթեթներ մշակել ուսանողների և սոցիալական տարբեր խմբերի համար:

Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ Երևանի ավագանու ընտրության քարոզարշավի ընթացքում Տարոն Մարգարյանը պաշտոնապես հայտարարեց, որ տրանսպորտի սակագնի բարձրացում չի լինելու: Կարծում ենք, որ ցանկացած պաշտոնյայի համար քաղաքացուն տված խոստումը պետք է անբեկանելի լինի:

ԲՀԿ խմբակցությունը երբեք դեմ չէ որևէ հարցի համակողմանի քննարկմանը, և մենք վստահ ենք, որ այս հարցը քննարկելու և օպերատիվ լուծումներ գտնելու լավագույն հարթակը ավագանու արտահերթ նիստ հրավիրելն է»: