AM
29 Հուլիս 2013 - 09:21 AMT

ԹԻՀԿ-ը դիմել է Էթիկայի հանձնաժողով՝ խնդրելով վարույթ հարուցել Տարոն Մարգարյանի դեմ

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ը (ԹԻՀԿ) դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց (ԲՊԱ) էթիկայի հանձնաժողովին՝ ընդդեմ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի:

ԹԻՀԿ-ը, մասնավորապես, խնդրել է վարույթ հարուցել՝ պարզելու, թե ներքաղաքային փոխադրավարձը բարձրացնելիս քաղաքապետը գտնվել է արդյոք շահերի բախման իրավիճակում կամ եղել է նման ռիսկ և ներդրումները կառավարելիս քաղաքապետի կողմից չեն օգտագործվել արդյոք պաշտոնեական դիրքը և լիազորությունները:

Ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման հետ կապված, մամուլում առավել հաճախացել են քաղաքապետի բիզնես-գործունեության մասին հրապարակումները, մասնավորապես, որ որոշ երթուղիներ սպասարկող կազմակերպություններ պատկանում են Երևանի քաղաքապետին և նրա մերձավորներին:

Քաղաքապետի գույքի և եկամուտների աղբյուրների օրինականությունը ԲՊԱ էթիկայի հանձնաժողովի լիազորություների շրջանակում պարզելու անհնարինության դեպքում ԹԻՀԿ-ն առաջարկում է դիմել իրավապահ մարմիններին:

Բացի այդ, ԹԻՀԿ-ը հուլիսի 20-ից ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման հետ կապված դիմել է քաղաքապետին՝ խնդրելով տրամադրել Երևան քաղաքում ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիները սպասարկող կազմակերպությունների ցանկը՝ ըստ երթուղիների, ուղեվարձի բարձրացման հայտեր ներկայացրած տնտեսվարող սուբյեկտների ցանկը, ուղեվարձի բարձրացման մասին քաղաքապետի որոշման հիմնավորումները: