Դրոշ, սահմանադրություն և նախագահի մեքենա. Աշոտ Մանուչարյանի խոսքով, այսքանն ունեցող բոլոր երկրներն անկախ են կոչվում, այդ թվում Հայաստանը, բայց ինչպես դրանց մեծամասնությունը, Հայաստանը ևս կառավարվում է արտաքին կենտրոնից, իսկ Բաղրամյան 26-ն ընդամենը կառավարման կետ է:
«Մեր պետական ապարատում քաղաքական համակարգում մի սեփական միտք չկա, մենք չունենք օրենքներ, որ ինքներս ենք գրել, մեր որոշումներն էլ են մեր փոխարեն ընդունում», – իր հայտնի մտքերն այսօր ասուլիսի ժամանակ ևս մեկ անգամ շարադրեց Ղարաբաղ Կոմիտեի անդամը, իսկ առիթը երիտասարդների ընդվզումն է:
«Չգիտեմ ում ինչ խնդիր էր պետք լուծել, բայց արդյունքում երիտասարդները դուրս եկան թատերաբեմ: Դուրս եկավ ինքնուրույն և կայացրեց երկրի անկախությունը: Սա տևեց 1 ակնթարթ, բայց հնարավորություն է, որն ամրացավ նաև ազատամարտիկների` երիտասարդներին միանալով», – ասաց Մանուչարյանը` նշելով, որ ներքին կազմակերպչական խնդիրները լուծելու համար երիտասարդները կարող են օգտվել Ղարաբաղ Կոմիտեի հաջողված օրինակից:
Մանուչարյանի խոսքով, քաղաքական ուժերի հանդեպ զգուշավորություը տեղին է, բայց նրանք էլ փորձ ունեն կուտակած, որը երիտասարդներին հարկավոր է. նրանց առջև դրված խնդիրը կարևորագույն են: Երիտասարդները ձևավորում են երկրի տիրոջը, ցույց տալիս, թե ով է Հայաստանի տերը և նրանք պարտադրելու են պետական և կուսակցական համակարգրերին: Իսկ սա կարևոր է հենց այդ համակարգերի համար. «Եթե նախագահը, արտգործնախարարը, պաշտպանության նախարարը որոշեն մի տեղ մանևրել, ասել ոչ, հիմնավորում կունենան, ժողովուրդը ճնշող ուժ կլինի»:
Այս շարժումը հնարավոր է այնքան զարգանա, որ համակարգային լուրջ փոփոխությունների բերի, կարևորագույն ճեղքում է, որը հնարավորություն է տալու դուրս գալ ճահճից: Իսկ Մանուչարյանի խոսքով, մենք արդեն քիչ ժամանակ ունենք` 1 ամսից աշխարհում, տարածաշրջանում ուժեղ փոթորիկներ են սկսվելու:





