«Վճարում ենք 100 դրամ» քաղաքացիական նախաձեռնության մասնակիցները և Երևանի քաղաքապետարանի դիմաց մայրաքաղաքի տրանսպորտային վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «ԵրևանՏրանս» ՓԲԸ տնօրեն Միսաք Համբարձումյանի պաշտոնանկության պահանջով նստացույց սկսած երիտասարդները նոր ակցիա են նախաձեռնել: Նրանցից Կարեն Հարությունյանը նախաձեռնության ֆեյսբուքի էջում գրել է. «Այսօր առավոտյան քաղաքապետարանի աշխատողներին թռուցիկներ էինք բաժանում, որտեղ նշված էր, որ իրենց անունի հետ են խաղում հենրիկները, և իրենք էլ հանրության պահանջին միանան։
Ոստիկանները տրանսֆորմացվել էին ցանկապատի՝ մարդուց դառնալով փայտ և ամեն կերպ խոչընդոտում էին։ Քաղաքապետարանի աշխատողներից ոմանք հպարտորեն վերցնում էին և ցուցադրաբար պատռում՝ դրանով իրենց հավատարմություն ու հնազանդությունը հայտնելով Տարոնին ու այդ 2 անբարոյականներին։ Ոմանք այնպես էին վախենում վերցնել, ոնց որ «սև թուղթ» լիներ։ Վերցնելուց հետո էլ հմտորեն ճմրթում էին և նետում դռների մոտ հատուկ տեղադրված 2 նոր (ի դեպ իրենց չափանիշներով շատ անշուք) աղբամանների մեջ։ Իհարկե հայտնվեցին նաև տեսախցիկով սադրիչ-տուզիկները, որպեսզի մի կեղտ փորձեն բռնել։
Ամեն ջանք գործադրված էր, որ թռուցիկ ներս չմտնի։ Այսինքն նրանք սարսափում են թռուցիկից, որտեղ ճիշտն է արտացոլված, ուրեմն հենց դրանով էլ նրանց դեմ պետք է պայքարել։
Քաղաքապետարանի աշխատողների նման ստորացումը ահավոր է, արժանապատվությունը իսպառ բացակայում է։ Նրանք պատրաստ են հանդուրժել սրիկաների իրենց կողքին, ենթարկվել նրանց, հանրության դեմ գնալ։ Բայց չեմ կարծում բոլորն էն այդպիսին։ Կա՞ն արժանապատվություն ունեցողներ, ովքեր չեն վախենա արտահայտվել, թե՞ բոլորը հենրիկների ու միսակների արժեհամակարգի կրողն են։ Ինչքա՞ն պետք է հանդուրժեք…
Ամեն օր առավոտյան և աշխատանքի ավարտին բաժանենք թռուցիկներ։ Վերջապես պատասխանատվության ենթարկենք հանրային ծառայողներին, նրանք մեր շահերը պետք է ներկայացնեն»:
Այս պահին Երևանի կենտրոնական փողոցներում երիտասարդները նման կոչերով թռուցիկներ են բաժանում քաղաքացիներին, փակցնում հասարակական տրանսպորտի ապակիներին:





