Այսօր մի քանի երիտասարդներ Երևանի քաղաքապետարանի առջև ֆլեշմոբ են կազմակերպել` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանի դեմ:
Նրանք քաղաքապետարանի ընդունարանին փոխանցելուց առաջ բարձրաձայն բաց նամակ կարդացին. «Մենք` մի խումբ ՀՀ քաղաքացիներ, համացանցում դիտելով տեսանյութը, որը վերաբերում է Ձեր աշխատասենյակի պատուհանից ծխախոտի մոխիր դուրս «կտտացնելուն», շատ մտահոգվեցինք, գիտակցելով, որ քաղաքակիրթ մարդն իրեն նման բան թույլ չի տա: Հորդորում ենք, որ այսուհետ մոխիրը աշխատասենյակից դուրս «չկտտացնեք» և օգտվեք պետական կառույցներում ծխելու համար հատկացված հատուկ տարածքներից: Իսկ Երևանի քաղաքապետարանի շենքը հանրային կառույց է, և այն նկարահանելը չի կարող առաջացնել ազգային անվտանգության հետ կապված խնդիրներ: Հետևաբար ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն առանց թույլտվության նկարահանել քաղաքապետարանի շենքը, այդ թվում նաև Ձեր աշխատասենյակի պատուհանը»:
Երիտասարդները Սերգեյ Մակարյանին նաև հիշեցրեցին, որ նա ընդամենը պետական պաշտոնյա է, որը ծառայում է հանրությանը և վարձատրվում պետական հարկերի շնորհիվ:
Վերջերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ Սերգեյ Մինասյանը հայտարարել էր, թե ոչ ոք իրավունք չունի նկարել իր պատուհանը, ոչ ոք չի կարող հավաքվել իր պատուհանի տակ, և որ նա կարող է այդտեղ անել այն ամենն ինչ ուզում է՝ անգամ մոխիր թափել գետնին:





