AM
31 Հուլիս 2013 - 14:41 AMT

Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարականը

Հուլիսի 30-31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ գումարված Գերագույն հոգևոր խորհրդի նիստը ի թիվս այլ հարցերի քննության է առել Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ, Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարական գրությունը, ինչպես և Ֆրանսիայի Հայոց թեմում դրան առնչված զարգացումները:

Քննարկումից հետո Գերագույն հոգևոր խորհուրդն ընդունել է Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարականը Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդի, Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակի պաշտոնից և Գերագույն հոգևոր խորհրդի անդամությունից և խնդրանք ներկայացրել Վեհափառին հաստատելու այն:

«Գերագույն հոգևոր խորհուրդը նաև ափսոսանք հայտնեց հրաժարականում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին ուղղված անհիմն գնահատականների առնչությամբ: Գերագույն հոգևոր խորհուրդն իր զորակցությունը հայտնեց Ֆրանսիայի Հայոց թեմի թեմական խորհրդին ստեղծված իրավիճակի կարգավորման գործում` հորդորելով նաև թեմի հավատացյալներին և ազգային հաստատություններին ու կազմակերպություններին` քրիստոնեական սիրո ոգով նպաստել Ֆրանսիայի հայոց թեմի բարեկարգությանը և շինությանը», – նշված է Մայր Աթոռի հաղորդագրության մեջ:

Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը հրաժարականի դիմումը Սուրբ Էջմիածին փոխանցվել է հուլիսի 1-ին: Նա Ֆրանսայի թեմի առաջնորդ է ընտրվել 2007-ին` Թեմական ժողովի ժամանակ և ծառայում էր Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: Նրա մանդատը որպես Ֆրանսայի թեմի առաջնորդ լրանալու էր 2014-ին: