Վճարովի ավտոկանգառների որոշումը անօրինական է և չի բխում հանրային շահից: Նման հայտարարություն է տարածել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծված «Ավտոկանգառային անհնազանդությունը սկսված է» խումբը:
«Հանրային տարածքները տրամադրվել են մասնավոր ընկերության, որը ստանալու է ավտոկանգառներից ստացվող եկամտի 70%-ը: Մասնավոր ընկերությանն է տրամադրվել մեքենայատեր քաղաքացիների տվյալների բազան, մասնավոր ընկերության կողմից նախատեսվում է իրականացնել տեսանկարահանումներ, կիրառել տույժեր ՀՀ քաղաքացիների նկատմամբ, ինչը Սահմանադրության և մարդու իրավունքների կոպիտ խախտում է:
Հաշվի առնելով այս և որոշման հետ կապված այլ անօրինական կետեր և բացթողումներ, պայքարի միջոց է քաղաքացիական անհնազանդությունը` «Չենք վճարելու անօրինական ավտոկանգառների համար» կարգախոսով»,- ասված է նախաձեռնության հայտարարությունում:
Ավելացնենք, որ ըստ քաղաքապետարանի մամուլի ծառայության՝ վճարովի կայանատեղիները ստեղծվել են Երևանի կայանատեղիների քաղաքակիրթ գործունեությունը ապահովելու համար: Դրանց ծառայությունների կամզակերպման համար քաղաքապետրանում մրցույթ է հայտարարվել, որում հաղթել է «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ն: Սահմանվել են նաև վճարովի կայանատեղիների սակագները: Այսպիսով՝ մինչև 5 րոպեն` անվճար, 5 րոպեից մինչև մեկ ժամ` 100 դրամ, մեկ օրը` 500 դրամ, մեկ շաբաթը`1000 դրամ, մեկ ամիսը` 2000 դրամ, մեկ տարին՝ 12000 դրամ: Երեկոյան ժամը 24:00-ից մինչև առավոտյան ժամը 9:00-ը կայանելու համար գումար չի գանձվի: Վճարումները կատարվում են անկանխիկ եղանակով, նաև՝ SMS հաղորդագրության միջոցով:





