Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ անդրադառնալով մայրաքաղաքի վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպման նպատակով ներդրված նոր համակարգին ընդգծել է, որ մրցույթում շահող ընկերության հետ համատեղ պետք է շարունակել իրազեկման աշխատանքները և սահմանված պահանջների համաձայն կանոնակարգել դաշտը:
«Հաշվի առնելով, որ կարգը նոր է և շատ քաղաքացիներ հնարավոր է դեռ տեղեկացված չեն, մենք առաջարկություն ներկայացրեցինք մասնավոր ընկերությանը, որպեսզի վարչական իրավախախտումները կիրառվեն սեպտեմբերի 1-ից: Շահող կազմակերպությունը պատասխանատվություն է կրում կանայատեղիների սպասարկման և քաղաքացիներին պատշաճ ծառայություններ մատուցելու համար:
Սակայն եթե, ապօրինի գումար գանձողները շարունակելու են իրենց գործը, ինչը միայն մրցույթում շահած կազմակերպության դեպքում է համարվում օրինական, դա կարող է հարուցել մեր քաղաքացիների դժգոհությունները և այստեղ արդեն գործառույթը իրավապահ մարմիններինն է»,-ընդգծել է քաղաքապետը:





