Մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման տարեկան ծրագրի շրջանակում աշխատանքներ են տարվում նաև բակային տարածքների ձևավորման ուղղությամբ: Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 2013թ. ծրագրով նախատեսվում է նկարազարդել ևս 241 բակային տարածք: Դրանցից 148 -ում աշխատանքներն արդեն ավարտված են:
Պատկերազարդումների թեմաները հայկական էպոսի և հայտնի հեքիաթների ճանաչված հերոսներն են, նաև կերպարներ ու դրվագներ սիրված մուլտֆիլմերից ու հայկական բնաշխարհի պատկերներից: Որոշ դեպքերում աշխատանքները լրացվում են հետաքրքիր դեկորատիվ լուծումներով:
Նշենք, որ նախորդ տարի մայրաքաղաքում նկարազարդվել էր 215 բակային տարածք:





