Զինված ուժերի զորամասերում մեկնարկեց ամառային ուսումնական փուլը: Զինծառայողներին քաջալերելու, ինչպես նաև նոր ուսումնական փուլի կապակցությամբ իր բարեմաղթանքներն ուղելու նպատակով պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկա գտնվեց երկրորդ բանակային զորամիավորման զորամասերից մեկում անցկացված հանդիսավոր միտինգին:
Շնորհավորելով զինծառայողներին ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ` նախարարը նշեց, որ իր համար պատիվ է ուսումնական փուլը դիմավորել սահմանի պաշտպանությունն ապահովող զորամասերից մեկում: «Հակառակորդի հնարավոր ագրեսիային հակազդող միակ միջոցը հայկական ԶՈՒ-երի մարտական պատրաստականության բարձր աստիճանն է:
Յուրաքանչյուրիս պարտքն է միացյալ ուժերով օրը ծառայեցնել ի նպաստ ազգային բանակի մարտական պատրաստության աստիճանի բարձրացման: Իսկ դա անվերջ գործընթաց է, որի հանրագումարն ու վերջնական գնահատականը ձևավորվում է` ելնելով յուրաքանչյուր զինծառայողի անհատական մարտական պատրաստության աստիճանից և գիտելիքներից»,- ասաց Ս.Օհանյանը:
Նախարարն անդրադարձավ նաև ՊՆ կողմից մշակված «ՎԱՀԱԳՆ» վարժությունների համալիր համակարգին, որը նախարարի համոզմամբ` թույլ կտա զարգացնել զինծառաողների վարպետությունը, լինել առավել արագ, անձնուրաց և նպատակասլաց:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարի աշխատանքային շրջայցի երկրորդ օրը մեկնարկեց թիկունքային զորամասերից մեկում, որտեղ Ս.Օհանյանը զինվորների հետ միասին նախաճաշեց զորամասի ճաշարանում: Նախարարը հետաքրքրվեց զինվորների առօրյայով, կենցաղային պայմաններով: Այդուհետ նախարարը շրջեց ճաշարանի տարածքով, ծանոթացավ դրա պայմաններին:
Աշխատանքային շրջայցի ավարտին Սեյրան Օհանյանը եղավ Վահան գյուղում, որտեղ հանդիպեց գյուղացիներին, նրանց հետ ծաղիկներ դրեց Մեծ հայրենական պատերազմի և Արցախյան ազատագրական պայքարի տարիներին զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:





