2013 թվականի հուլիսի 16-ին ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կազմում գործող՝ Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեն վերջնական որոշմամբ արձանագրել է, որ Թեղուտի հանքավայրի շահագործմանն առնչվող վարչական որոշումները վիճարկելող՝ «Էկոդար» բնապահպանական հասարակական կազմակերպության ներկայացրած դատական հայցը վարույթ չընդունելով Հայաստանի կառավարությունը խախտել է Օրհուսի կոնվենցիայի 9-րդ հոդվածի 2-րդ կետը: Այս մասին տեղեկացնում է Թեղուտի պաշտպանության նախաձեռնությունը:
Ըստ աղբյուրի՝ Օրհուսի կոմիտեն վերահաստատել է Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության տեսակետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումն առ այն, որ բնապահպանական հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններն իրավունք ունեն դիմելու դատարան՝ վիճարկելով վարչական մարմինների կայացրած շրջակա միջավայրին առնչվող որոշումները, գործողությունները կամ անգործությունը:
Միաժամանակ, Համապատասխանության կոմիտեն Հայաստանի կառավարությանն առաջարկել է փոփոխություններ մտցնել «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում և Վարչական դատավարության օրենսգրքում՝ հստակորեն ամրագրելով հասարակական կազմակերպությունների՝ վարչական մարմինների գործողությունները դատական կարգով վիճարկելու իրավունքը, ինչպես նաև դատական աշխատողների հետ դասընթացներ անցկացնել, որպեսի վերջիններս ներպետական իրավական ակտերը մեկնաբանեն Օրհուսի կոնվենցիային համահունչ:
Համապատասխանության կոմիտեն նաև նշել է, որ հաշվի առնելով այն փաստը, որ Օրհուսի կոնվենցիայի Կողմ հանդիսացող երկրների հանդիպումը տեղի է ունենալու 2014 թվականի հունիս/հուլիս ամիսներին, Կոմիտեն Հայաստանի կառավարությանը խրախուսում է իրականացնել և ավարտին հասցնել Կոմիտեի առաջարկությունները մինչև Կողմերի հանդիպումը:





