AM
13 Օգոստոս 2013 - 10:47 AMT

Ճամբար` հաշմանդամություն ունեցող երեխաների համար

Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության նախաձեռնությամբ` «Երևանյան ամառ» ծրագրում ներառված քառօրյա ճամբար է մեկնարկել հաշմանդամություն ունեցող երեխաների համար։

Ճամբարային առաջին օրը երեխաներն անցկացրել են Մանկական երկաթուղում։ Ճամբարը սկսվել է հատուկ մարմնամարզությամբ, ապա խմբավարների օգնությամբ երեխաները ձեռագործ աշխատանքներ են պատրաստել, նկարել են։ Ընդմիջումից հետո նրանք զբոսնել են գնացքով, անվճար օգտվել այգու կարուսելներից և մասնակցել ծրագրով նախատեսված մարզական խաղերին։ Ծնողները գոհունակություն են հայտնել Երևանի քաղաքապետարանի և «Փյունիկ» միության համատեղ այս նախաձեռնության համար, հատկանշելով, որ նման միջոցառումները հաշմանդամություն ունեցող երեխաներին բոլոր երեխաներին բնորոշ առօրյայում ներառելու ևս մեկ հնարավորություն են։

Ճամբարային երկրորդ օրը, մարմնամարզական հատուկ ծրագրով, երեխաները անցկացնելու են «Փյունիկ» միության լողավազանում, այցելելու են Ծիծեռնակաբերդ, իսկ հաջորդ օրերին՝ «Հաղթանակ» զբոսայգի, Կենդանաբանական այգի։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: