«Բազե» համահայկական երիտասարդական հավաքի երկրորդ օրը մեկնարկեցին մշակութային ներճակատային մրցույթները։ Հավաքի գեղարվեստական ղեկավար Էմին Թորոսյանը նշեց, որ «Բազեի» գեղարվեստական մրցույթներում մասնակցում են ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ ոչ պրոֆեսիոնալ երիտասարդներ։ Նա տեղեկացրեց նաև, որ ժյուրին պրոֆեսիոնալ է։ Մասնավորապես, այս տարի նկարչության մրցույթի ժյուրիի կազմում են հանրապետության վաստակավոր նկարիչներ Աշոտ Համաբարձումյանը, Վոլոդյա Մարգարյանը (Վալմար), Հրանտ Թադևոսյանը (Թաթոս), ովքեր մեծ ավանդ ունեն մեր նկարչական դպրոցի կայացման գործում։ Էմին Թորոսյանը նշեց, որ անվանի նկարիչները նաև իրենց խորհուրդներով են օգնում երիտասարդներին և հանդես են եկել առաջարկով: «Նախնական պայմանավորվածություն ունենք ժյուրիի անդամների հետ, որ հավաքի մասնակիցներից մի քանիսին կհրավիրեն իրենց արվեստանոցներ, կանցկացնեն վարպետության դասեր։ Հավաքը նաև միտված է նրան, որ այսօրվա երիտասարդները ճանաչեն մեր անվանի արվեստագետներին և ստեղծագործական առումով որոշակի փորձառություն ստանան նրանցից»,- ասաց նա:
Ինտելեկտուալ մրցույթն անցկացրել է Գիտակների հայկական ասոցիացիայի նախագահ Տիգրան Քոչարյանը։ «Բրեյն ռինգ» խաղում հաղթող ճանաչվեց նարնջագույն ճակատը, իսկ լավագույն ինտելեկտուալ թիմը ներկայացրել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը։ Տիգրան Քոչարյանը նկատեց, որ այս խաղում ձևավորվում է թիմային ոգի։ Մարդիկ, ովքեր շատ քիչ են միմյանց ճանաչում, 5 հոգով նստում են սեղանի շուրջ և փորձում թիմային խաղ ցույց տալ, մեկ րոպեի ընթացքում գտնել հարցի ճիշտ պատասխանը, ինչը ոչ միայն խաղի ընթացքում է օգնում նրանց, այլև առօրյա աշխատանքում
Էմին Թորոսյանն ընդգծեց, որ հավաքի նպատակն աշխարհասփյուռ հայ երիտասարդությանը համախմբելն է։ «Յուրաքանչյուր մասնակից իր բուհում, մարզում կամ հասարակական կազմակերպությունում ակտիվ գործունեություն է ծավալում, և շատ կարևոր է, որ նրանք այստեղ ծանոթանում են միմյանց հետ։ Այդ կապը պետության վաղվա ամրության գրավականն է»- նշեց նա։
«Բազե» հավաքը կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Հավաքին մասնակցում է շուրջ 500 երիտասարդ ՀՀ-ից, Ջավախքից, Արցախից և սփյուռքից: ՀՀ պետական դրոշի գույները խորհրդանշող ճակատներում երիտասարդական 45 ջոկատներ մրցում են մարզամշակութային, ինտելեկտուալ խաղերում։





