AM
14 Օգոստոս 2013 - 09:44 AMT

Սուլթանյան. Եզդիների ոչնչացումը շարունակվում է, փրկության հույսը կապում ենք ՀՀ կառավարության հետ

Եզդիների ոչնչացումը շարունակվում է, ահազանգում է Եզդիների ազգային կոմիտե ՀԿ փոխնախագահ Սաշա Սուլթանյանը: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտնեց, որ Հայաստանում ապրող եզդիները դիմում են Հայաստանի կառավարությանը և խնդրում են, որ միջազգային ատյաններում բարձրաձայնի իրաքաբնակ եզդիների հարցը:

«Իրաքում եզդիները որևէ իրավունք չունեն, մինչդեռ Հայաստանը միակ երկիրն է, որտեղ նրանք կարողանում են պահպանել իրենց մշակութային դեմքը: Հայաստանում ապրող եզդիներն իրենց եղբայրների փրկության հույսը կապում են Հայաստանի կառավարության հետ»,- հայտարարեց Սաշա Սուլթանյանը և նշեց, որ պատրաստվում են նամակ ուղարկել ՀՀ արտաքին գործերի և սփյուռքի նախարարներին:

Նա հիշեցրեց, որ 2007-ի օգոստոսի 14-ին Իրաքում չորս եզդիական գյուղ ոչնչացվեց, սպանվեց մոտ 1000 եզդի և հավելեց, որ եթե կոտորածը չդադարի, ապա մեկ դար հետո Իրաքում եզդի չի լինի: Ըստ նրա` կոտորածի դեմ հստակ քայլեր չեն արվում: «Ցեղասպանություն ապրած ժողովուրդը անտարբեր չի մնա այսօր տեղի ունեցող ցեղասպանությանը»,- հույս հայտնեց Եզդիների ազգային կոմիտեի նախագահը: