Օգոստոսի 15-ին` ժամը 15:00-ին, ՀՀ վարչական դատարանում (դահլիճ 105) տեղի կունենա 2009 թ.-ին կասեցված և 2013 թ.-ին վերսկսված` ԻԱԿ-ն ընդդեմ «Երևանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի գործով առաջին դատական նիստը:
Դեռևս 2009 թ.-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ «Երևանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ից խնդրել էր տեղեկություններ պետական բյուջեից ՊՈԱԿ-ի ֆինանսավորման և ՊՈԱԿ-ի կնքած հանձնարարության և նկարագրության պայմանագրերի մասին: Սակայն ՊՈԱԿ-ը մերժել էր տեղեկությունների տրամադրումը` պատճառաբանելով, որ ֆինանսավորման մասին տեղեկությունները հրապարակված են, իսկ մյուս հարցերի պատասխանները պարունակում են առևտրային գաղտնիք:
Արդյունքում, ԻԱԿ-ը ՊՈԱԿ-ի պատասխանը բողոքարկել էր ՀՀ վարչական դատարան: Մեկ այլ զուգահեռ հայցով ԻԱԿ-ը դիմեց Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` խնդրելով ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոբերտ Հարությունյանին ենթարկել վարչական պատասխանատվության` տուգանքի` 50.000 ՀՀ դրամի չափով: Այս դատական գործը 2009 թ.-ի հունիսի 16-ին կասեցվել էր` մինչև ՊՈԱԿ-ի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու վերաբերյալ վարչական դատարանում դատական գործն ավարտվի:
ՀՀ վարչական դատարանում գործն ավարտվեց ԻԱԿ-ի հաղթանակով: Ուստի, ՊՈԱԿ-ի տնօրենին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դատական գործը, որը կասեցվել էր 2009 թ.-ի հունիսի 16-ին` մինչև ՊՈԱԿ-ի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու վերաբերյալ վարչական դատարանում դատական գործն ավարտվի, 2013 թ.-ի մարտի 12-ին վերսկսվեց: Առաջին դատական նիստը նշանակվել է 2013 թ.-ի օգոստոսի 15-ին:





