Գործող գներով շինարարության արժեքի հաշվարկման նոր մեթոդաբանությունը քննարկելու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:
Քննարկումը ծավալվեց շինարարության ոլորտի աշխատավարձի ձևաչափի սահմանման շուրջ: Հանձնաժողովականների մոտեցումները 2 սկզբունքային տեսակետների էին բաժանվում: Առաջինը` Վերահսկիչ պալատի տեսակետն էր, որի համաձայն առաջարկվում է աշխատավարձի 1 ժամվա դրույքաչափը հաշվարկելիս հիմք ընդունել ազգային վիճակագրական ծառայության տվյալը` ամսական միջին աշխատավարձի վերաբերյալ: Երկրորդ տեսակետը, որի կողմնակից էին շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչները` առաջարկվում է աշխատավարձը հաշվարկելիս հիմք ընդունել նվազագույն աշխատավարձի նկատմամբ համապատասխան գործակցը:
Նախարար Թադևոսյանը, շեշտելով հարցի կարևորությունը, հորդորեց ներկաներին զգուշավորություն ցուցաբերել հատկապես աշխատավարձի նոր սխեմայի ձևավորման հարցում, քանի որ ոչ միայն այս սկզբունքային հարցից են ածանցվում վերադիր ծախսերի, շահույթի չափի, տրանսպորտային ծախսերի և այլ կարևոր հաշվարկները, այլ նաև կարող է ուղղակի ազդեցություն ունենալ շինարարության որակի վրա:
Նախատեսվում է շինարարության արժեքի հաշվարկման նոր կարգը կառավարություն ներկայացնել սեպտեմբերին, ուստի պարոն Թադևոսյանը կոչ արեց հանձնաժողովի մասնակիցներին սեղմ ժամկետում ամփոփել ներկայացված առաջարկներ:
Նիստում քննարկում ծավալվեց նաև վերադիր ծախսերի, շահույթի չափի, տրանսպորտային ծախսերի հաշվարկների, շինմոնտաժային աշխատանքներում նյութերի և այլ հարցերի շուրջ:
Հիշեցնենք, որ միջգերատեսչական հանձնաժողովը ստեղծվել է ՀՀ վարչապետի որոշմամբ` «Պետական կարիքների համար իրականացվող կապիտալ ծախսերի հաշվարկի հիմքում դրվող ապրանքատեսակների կողմնորոշիչ գների և շինարարության ոլորտում գների ինդեքսների հաշվարկման կարգը հաստատելու մասին» որոշման 3-րդ կետի պահանջների կատարման և ՀՀ վերահսկիչ պալատի ներկայացրած առաջարկությունների քննարկման նպատակով:





