AM
15 Օգոստոս 2013 - 13:20 AMT

Թուրքիայում տարեց կանանց սպանության մեջ մեղադրվող Մուրադ Նազարյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքները

Ստամբուլի Սամաթիա հայաբնակ թաղամասում նախորդ տարեվերջին և այս տարեսկզբին տարեց կանանց վրա հարձակումներ գործելու, սպանելու մեջ մեղադրվող Մուրադ Նազարյանի գործով Թուրքիայում տեղի է ունեցել 2-րդ դատավարությունը: Միակ կասկածյալն չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքները` ասելով, որ չի հիշում, թե ինչ է տեղի ունեցել: Այս մասին գրում է Hurriyet Daily News-ն ու ավելացնում, որ նախաքաննության փուլում կասկածյալն ասել էր «հնարավոր է, որ այդ սպանությունը ես եմ կատարել»:

Մուրադ Նազարյանը պարզաբանել է, որ ոստիկանության բաժանմունքում իրենից այդ ցուցմունքը կորզել են հոգեբանական ճնշումներով: Դատավարությանը ներկա տուժողների հարազատների հայտարարություններին, թե Մուրադ Նազարյանն արդեն պետք է դատապարտված լիներ, դատավարությունը ձգձգվում է, Մուրադ Նազարյանի ընտանիքի անդամները պատասխանել են, որ արագ դատավարության փոխարեն պետք է արդար դատավարություն պահանջել: «Նաև մենք ենք զոհ: Պետք է ամեն ինչ արվի, որ մեր ընտանիքի բարի անունը վերականգնվի», – ասել են նրանք: Հաջորդ դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 4-ին` հետքաննությունն ընդլայնելու հիմքով:

Մուրադ Նազարյանի ձերբակալության մասին տեղեկությունը տարածվեց մարտի 4-ին: Դրանից հետո բժշկական ստուգում անցնելուց հետո նրա մոտ ախտորոշվել էր շիզոֆրենիա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի և հունվար ամիսներին Ստամբուլի Սամաթյա թաղամասում, որտեղ շատ են հայ համայնքի ներկայացուցիչները հարձակման էին ենթարկվել տարեց հայուհիներ`նոյեմբերի 28-ին դաժան ծեծի էր ենթարկվել 87-ամյա Թուրֆանդա Աշըքը, ով կորցրել էր մեկ աչքը, դեկտեմբերի 28-ին սեփական բնակարանում դանակի 8 հարվածով սպանվել էր 84-ամյա Մարիցա Քյուչյուքը. նրա որդու խոսքերով` մոր մարմնին արյունով խաչ էր պատկերված, հունվարի 6-ին, եկեղեցի գնալու ճանապարհին 3 անձինք ավտոմեքենայով փորձել էին առևանգել տարեց մի հայուհու, սակայն նա կարողացել էր փրկվել, հունվարի 22-ին բնակարանի մուտքի մոտ անհայտ անձի կողմից դաժան ծեծի էր ենթարկվել 83-ամյա Սուլթան Այքարը, ով կորցրել էր մեկ աչքը: Բացի հայուհիների վրա հարձակումներից, Մուրադ Նազարյանը կասկածվում է նաև թուրք կանանց նկատմամբ բռնություն գործադրելու մեջ