Ադրբեջանում պահվող հայ ռազմագերուց ամենաքիչը ևս 3 օր ոչ մի տեղեկություն չի լինի: Առնվազն Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակից: Որևէ տեղեկություն, նորություն իմանալու նպատակով քիչ առաջ արված զանգին պատասխանեցին գրասենյակի անվտանգության ծառայությունից. «Չենք կարող որևէ մեկի հետ միացնել, որովհետև գրասենյակում ոչ ոք չկա և չի լինի միչև երեքշաբթի: Այսօր և վաղը հանգսյան օրեր են, իսկ երկուշաբթի մեռելոց է»:
Մարդասիրական կառույցի աշխատակիցները նույնիսկ այսպիսի արտակարգ իրավիճակերում պիտի հանգստանան: Ամբողջ շաբաթ «ծանրաբեռնված աշխատել են»: Արդյունքում` զրո: ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի աշխատանքն իրականում զարմացնում է, զայրացնում: Եվ ոչ միայն ինձ:
Պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ ԿԽՄԿ-ի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները հնարավորություն չեն ունեցել այցելել Հակոբ Ինջիղուլյանին, իսկ սա նման մանդատ և հեղինակություն վայելող կազմակերպության դեպքում առնվազն մտահոգիչ է: Պաշտպանության նախարարն ինքը երեկ նշեց, որ ՊՆ-ն ստիպում է ԿԽՄԿ ներկայացուցիչներին աշխատել:
Փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանը ԿԽՄԿ պատվիրակ Դրագանա Ռանկովիչի հետ հանդիպման ժամանակ կոչ արեց գործադրել ավելի ակտիվ միջնորդական ջանքեր:
Հակոբ Ինջիղուլյանի ծնողներն ու հարազատները բողոքի ակցիայով գնացել էին ԿԽՄԿ գրասենյակի դիմաց, առանց նորության մի քանի օր անց վերադարձել ու հայտարարել, որ օր ու գիշեր հենց գրասենյակի դիմաց են նորության սպասելու:
Եվ հիմա այս մարդիկ պետք է իմանան, որ ևս երեք օր նորություն չի լինի, և ոչ թե Ադրբեջանի իշխանությունների պատճառով, այլ որովհետև ԿԽՄԿ ներկայացուցիչները հանգստանում են:





