AM
20 Օգոստոս 2013 - 09:32 AMT

Երևանի փողոցների ասֆալտապատման այս տարվա ծրագիրն ավարտական փուլում է

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների 2013 թվականի շինբարեկարգման տարեկան ծրագրով առաջին անգամ մայրաքաղաքի փողոցների ու բակերի ասֆալտապատման ծավալները կհասնեն 2.5 միլիոն քառակուսի մետրի: Այս ցուցանիշի գրեթե կեսը բաժին է ընկնում ավելի քան 30 փողոցներում նախատեսված հիմնանորոգման աշխատանքներին:

Ինչպես հայտնում են քաղաքապետարանից, այսօրվա դրությամբ 15 փողոցներ արդեն հիմնովին ասֆալտապատվել են, մյուս փողոցներում այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են և դրանցից մի քանիսում կավարտվեն ուսումնական տարվա նախօրյակին: 2.5 միլիոն քմ-ից 1 միլիոն 67500 քմ ծավալով նախատեսված ասֆալտբետոնե ծածկի ընթացիկ կամ մասնակի նորոգման, պահպանման, ինչպես նաև նախկինում հողային պաստառով որոշ փողոցների ասֆալտապատման աշխատանքները շուրջ 95 տոկոսով ավարտված են:

Ընթացիկ տարվա ծրագրով, ըստ անհրաժեշտության, տասնյակ փողոցներում նորերով են փոխարինվել նաև վնասված կամ մաշված եզրաքարերը: Այդ նպատակով Երևան քաղաքի բյուջեով նախատեսվել է 30 միլիոն դրամ: