Գավառ քաղաքի բնակիչ, երկրորդ խմբի հաշմանդամ կենսաթոշակառու Դավիթ Գասպարյանը մայիս, հունիս և հուլիս ամիսներին չէր ստացել իր կենսաթոշակը: Այդ կապակցությամբ նա բազմիցս դիմել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Գավառի տարածքային բաժին, սակայն խնդիրը լուծում չէր ստանում:
Օրերս Դ. Գասպարյանը դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով նրա միջամտությունն իր կենսաթոշակը ստանալու հարցում, և այս առիթով պարզաբանումներ ստանալու նպատակով Պաշտպանը գրություն էր ուղարկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Պաշտպանի գրությանն ի պատասխան նախարարությունից հայտնել են, որ կենսաթոշակառուների հաշվառման միասնական տեղեկատվական նոր համակարգի շահագործման ժամանակ Դավիթ Գասպարյանի տվյալները թյուրիմացաբար չեն ընդգրկվել հունիս ամսվա կենսաթոշակների վճարման ցուցակներում, իսկ հուլիս ամսվա կենսաթոշակի գումարը փոխանցվել է կենսաթոշակառուի բանկային հաշվեհամարին :
Նախարարությունից հայտնել են նաև Գավառի տարածքային բաժնին հանձնարարվել է Դ. Գասպարյանի վերահաշվարկված կենսաթոշակի մայիս և հունիս ամիսների չվճարված գումարն ընդգրկել օգոստոս ամսվա վճարման ցուցակներում:
ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ քաղաքացու չվճարված կենսաթոշակն արդեն իսկ փոխանցվել է նրա բանկային հաշվեհամարին : Քաղաքացու անուն-ազգանունը փոխված է:





