AM
21 Օգոստոս 2013 - 12:19 AMT

Վարչապետը շնորհավորել է Գարեգին Երկրորդին՝ ծննդյան տարեդարձի առթիվ

Տիգրան Սարգսյանի շնորհավորել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին ՝ ծննդյան տարեդարձի առթիվ: Վարչապետի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Վեհափառ Տեր,

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ:

Լիահույս եմ, որ Ձեր իմաստությամբ դեռ երկար տարիներ պիտի առաջնորդեք հավատացյալ հայ ժողովրդին: Վստահ եմ, որ Ձեր գահակալության հաջորդ տարիները ևս նշանավորվելու են եկեղեցաշինությամբ, Հայ Առաքելական եկեղեցի-Հայոց բանակ կապի ամրապնդմամբ, Հայ Առաքելական եկեղեցի-Սփյուռք կապերի խորացմամբ: Անկասկած հաջողությամբ կպսակվեն Ձեր բոլոր նախաձեռնությունները, որոնք ուղղված են մեր եկեղեցու դերի բարձրացմանն ու մեր պետության հզորացմանը: Վստահ եղեք, որ աշխարհիկ իշխանությունները նույնպես մշտապես Ձեզ աջակից կլինեն այդ աստվածահաճո նախաձեռնություններում: Վեհափառ Տեր,

Եվս մեկ անգամ ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` մաղթելով քաջառողջություն և երկար տարիների կյանք, որպեսզի շարունակեք ազգանվեր Ձեր առաքելությունն ի փառս Հայաստանում, Արցախում և Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների»: