2013թ. հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած հանցագործության փաստով ՀՀ ՊՆ Քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով 2013թ. օգոստոսի 14-ին ստացվել է համակարգչատեխնիկական և տեսաձայնագրային փորձաքննության եզրակացությունը:
Համաձայն փորձաքննության եզրակացության՝ «թվային տեսագրիչի օրացույցի և ժամացույցի ընթացիկ ցուցմունքները համապատասխանում են իրականին: Տեսանյութերում փոփոխություններ չեն հայտնաբերվել»:
Փորձաքննության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան ծանոթանալու համար 22.08.2013թ. տրամադրվել է քրեական գործով տուժողի իրավահաջորդ Էմիլ Բուդաղյանին, մեղադրյալ Արտակ Բուդաղյանին և նրա պաշտպան Հայկ Ալումյանին:
Եզրակացությանը ծանոթանալուց հետո մեղադրյալ Արտակ Բուդաղյանը հրաժարվել է ցուցմունք տալ և առերես հարցաքննվել քրեական գործով տուժող Նիկոլայ Աբրահամյանի, վկաներ Կարինե Հարությունյանի, Լարիսա Բարսեղյանի և Անգելինա Քայանի հետ` նրանց ցուցմունքներում առկա էական հակասությունների կապակցությամբ: ՊՆ քննչական ծառայությունից հայտնում են, որ այսօր մեղադրյալ Արտակ Բուդաղյանը կրկին հրավիրվել է հարցաքննության:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին, ժամը 23.40-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Գորիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գետափնյա թաղամասից լսվել են կրակոցներ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 1-ին, երեկոյան, Դավիթ-Բեկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող և Սյունիքի նախկին մարզպետ սուրեն խաչատրյանին պատկանող առանձնատան դիմացի հատվածում հնչել են կրակոցներ, ինչի արդյունքում Գորիսի բնակիչ, 1970 թ. ծնված Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971 թ. ծնված Արտակ Բուդաղյանը և 1975 թ. ծնված Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասով հանցագործություններ կատարելու կասկածանքով հունիսի 2-ին եւ 3-ին ձերբակալվել են Գորիս քաղաքի բնակիչներ` Զարզանդ Արտաշեսի Նիկողոսյանը և Տիգրան Սուրիկի Խաչատրյանը:





