Oգոստոսի 18-ին Իտալիայի Ռիմինի քաղաքում մեկնարկեց «Meeting di Rimin» ամենամյա ֆորումի 34-րդ հանդիպումը, որին մասնակցեցին Իտալիայի վարչապետ Էնրիկո Լետտան, Իտալիայի արտաքին գործերի, պաշտպանության, արդարադատության, ներքին գործերի և տնտեսական զարգացման նախարարները, Իտալիայի խորհրդարանի անդամներ, ԵՄ երկրների մի շարք նախարարներ, Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը, Իտալիայի ու մի շարք այլ երկրների քաղաքացիական հասարակության, մշակույթի ոլորտի և ակադեմիական շրջանակների հեղինակավոր ներկայացուցիչներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ:
Ֆորումի 34-րդ հանդիպման ծրագրում ներառված են մի շարք պատմամշակութային, գիտական, ազգագրական ու երաժշտական միջոցառումներ, որոնց թվում էր նաև Հայաստանի պատմությանն ու Հայ ժողովրդի ինքնությանը նվիրված «Հայաստանը` քրիստոնեության օրրան» խորագիրը կրող համաժողովը, որի շրջանակներում տեղի ունեցավ անվանի ֆոտոլրագրող Գրացիելլա Վիգոյի «Armenia» ֆոտոգրքի ներկայացումը, ինչպես նաև բացվեց Հայաստանին, Արցախին և Վենետիկի Սուրբ Ղազար կղզուն նվիրված նույն հեղինակի լուսանկարների ցուցահանդեսը:
Համաժողովին ելույթով հանդես եկավ Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը, ով անդրադարձավ Իտալիայում հայերի ներկայության գրեթե 1500-ամյա պատմությանը և Իտալիայի կայացման ու բարգավաճման գործում նրանց դերակատարությանը, հայ-իտալական ներկայիս բարեկամական հարաբերություններին և դրանց հետագա զարգացման հեռանկարներին, Հայաստանի պատմությանը, միջազգային հարթակում նրա ներկայիս դերին ու նշանակությանը: Համաժողովին խոսքով հանդես եկան նաև իտալացի անվանի գրող-հրապարակախոս հայազգի Անտոնիա Արսլանը, բարոնուհի Քերոլայն Քոքսը, Amber Capital Investment Management հաստատության խորհրդի ղեկավար Ժոզեֆ Ուղուրլյանը և «Armenia» ֆոտոգրքի հեղինակ Գրացիելլա Վիգոն: :





