Քաղաքացիական հանրությունը ևս մեկ անգամ միավորում է իր ջանքերը անարդարության և հանրային շահի դեմ ուղղված հերթական ոտնձգության դեմ՝ տվյալ դեպքում Կոմիտաս 5 հասցեում, իր անօրինության և բնակիչների շահերի ոտնահարման տեսակետից աղաղակող, «կետային շինարարության» դեմ: Նման հայտարարություն է տարածել «Հայազն» կուսակցությունը:
«Ի պատասխան խաղաղ քաղաքացիական ընդվզման՝ իշխանությունը կիրառում է աննախադեպ և բացարձակապես չհիմնավորված ոստիկանական բռնություն: Մասնավորապես օգոստոսի 24-ին փողոցում ծեծի և նվաստացման ենթարկվեցին բազմաթիվ քաղաքացիներ, իսկ մեկ տասնյակից ավելի ակտիվիստներ «բերման ենթարկվեցին»` իրականում առևանգվելով, փոխադրվեցին ոստիկանական բաժանմունք:
«Հայազնը» մեծագույն համակրանքով է վերաբերվում ազատ քաղաքացու կամքը արտահայտող քաղաքացիական շարժումների հիմնական նպատակներին, և բազմաթիվ հայազնականներ այդ շարժումների ամենաակտիվ մասնակիցներն են: Օգոստոսի 24-ին ապօրինի առևանգվածների մեջ էր նաև «Հայազնի» վարչության անդամ Արմեն Մկրտչյանը:
«Հայազն» կուսակցության վարչությունը իր զորակցություն է հայտնում մեր ընկերներին, ովքեր պատվով իրենց քաղաքացիական պարտքն են կատարում, և խստագույնս զգուշացնում է սեփական հանրությանը պատերազմ հայտարարած ուժերին, որ ցանկացած ապօրինություն կամ բռնության փորձ ստանալու են համապատասխան հավաքական պատասխան:
Կեցցե՜ Ազգային Հեղափոխությունը»,- ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ:





