Կոմիտասի փողոցում շաբաթ օրը տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ՄԻՊ գրասենյակը բազմաթիվ ահազանգեր է ստացել: Մարդու իրավունքների պաշտպանն այսօր արձագանքել է տեղի ունեցածին՝ նշելով, որ այս միջադեպը նոր ցավ և դարձյալ հիասթափություն էր իր համար:
«Հատկապես հիասթափեցնող էր առանձին ոստիկանների ոչ պրոֆեսիոնալ, էմոցիոնալ ու անկանոն պահվածքը: Միջադեպի կապակցությամբ մենք վարույթ ենք հարուցել: Արդեն պատրաստ է և այսօր կուղարկվի մեր պաշտոնական հարցումը Ոստիկանությանը: Ի թիվս այլ հարցերի մենք հատկապես ցանկանում ենք պարզել Արգիշտի Կիվիրյանի և այլ քաղաքացիների նկատմամբ կիրառված ֆիզիկական բռնության համաչափությունը:
Ինչ վերաբերում է առանձին քաղաքացիների կողմից ոստիկաններին վիրավորելու և դիմադրություն ցույց տալու արարքներին, վերջնական գնահատական տալու իրավասությունը տրված է բացառապես դատարանին: Ցավոք, ներկայիս դատական համակարգի վերնախավի պարագայում նմանատիպ գործերով քչերն են ակնկալում արդար դատաքննություններ: Հաճախ դատարանների նկատմամբ արդարացի անվստահությունն է մեր քաղաքացիներին ստիպում դիմել ինքնիրավչության և ապօրինությունների, ինչը մարդկայնորեն հասկանալի է, բայց իրավական տեսանկյունից անթույլատրելի ու դատապարտելի է:
Մեր մտահոգությունն ենք հայտնում նաև Երևանի քաղաքապետարանի առջև բողոքի ակցիաների մասնակից Միհրան Մարգարյանի և Բաբկեն Տեր-Գրիգորյանի ծեծի կապակցությամբ և հույս հայտնում, որ իրավապահ մարմինները կիրականացնեն ոչ խտրական և բազմակողմանի քննություն, որի արդյունքում կբացահայտվեն բոլոր իրական մեղավորներն ու կենթարկվեն պատասխանատվության»,-ասված է ՄԻՊ հայտարարության մեջ:
Նշենք, որ Կարեն Անդրեասյանը մի շարք հարցերով դարձյալ դիմել է ոստիկանությանը: Դրանք վերաբերում են և Կոմիտասի 5 հասցեում իրականացվող շինարարությանը և քաղաքապետարանի դիմաց նստացույց անող երիտասարդներին:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը՝ օգոստոսի 24-ին, նշված հասցեում բախում էր տեղի ունեցել ոստիկանության և քաղաքացիների միջև, ինչից հետո 26 քաղաքացի բերման էր ենթարկվել:
Հավելենք, որ մի քանի օր է՝ Կոմիտասի 5-ում քաղաքացիները պայքարում են, որ դադարեցվի այդ հասցեում կառուցվող բարձրահարկի շինարարությունը:





