AM
28 Օգոստոս 2013 - 06:12 AMT

Վրաստանը հետաքրքրված է ՀՀ ոստիկանության Հրեշտակների գումարտակի գործունեությամբ

Օգոստոսի 27-ին ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունեց Վրաստանի պարեկային ոստիկանության դեպարտամենտի պատվիրակությանը, որը գլխավորում էր նույն դեպարտամենտի տնօրենի տեղակալ Լևան Մաչավարիանին:

Այցի վերաբերյալ նախապես համաձայնություն էին ձեռք բերել ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ու Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Ղարիբաշվիլին: Նպատակը` երկու երկրների ոստիկանական կառույցների սերտ համագործակցությունն է, երկու կողմի հաջողված փորձի փոխանակումը:

Հայ ոստիկաններին հետաքրքրել էր Վրաստանի պարեկային ոստիկանության մոդելը, իսկ վրացական կողմին՝ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության կառուցվածքում ստեղծված նոր ստորաբաժանման` այսպես կոչված` Հրեշտակների գումարտակի գործունեությունը:

Ավելի ուշ վրացական պատվիրակության անդամները հանդիպում ունեցան նաև ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Մեհրաբյանի հետ: