AM
30 Օգոստոս 2013 - 10:39 AMT

ՏԿ նախարարին կից կոլեգիայի նիստում քննարկվեց «ՏԻ մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը

ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում քննարկվեց «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Փոփոխությունները հիմնականում վերաբերում են համայնքի զարգացման քառամյա ծրագրի կազմման ու հաստատման գործընթացին: Մասնավորապես, տրվում է քառամյա ծրագրի սահմանումը, հստակեցվում են ծրագրի հաստատման ընթացակարգերը, սահմանվում են ծրագրում պարտադիր կարգով ներառման ենթակա ուղղությունները, ինչպես նաև համայնքի ղեկավարի կողմից ամեն տարի ավագանուն ծրագրի իրականացման վերաբերյալ հաղորդում ներկայացնելու մեխանիզմ է ներդրվում:

ՏԿՆ աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը տեղեկացրեց, որ մինչև նախագծի մշակումը ուսումնասիրվել է համայնքներում ծրագրերի կազմման և հաստատման հետ կապված ընթացիկ իրավիճակը, ինչպես նաև եվրոպական երկրների փորձը: Կմշակվի նաև քառամյա ծրագրերի կազմման մեթոդական ուղեցույց:

Նիստը վարող ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն առաջարկեց համայնքային ծառայողների վերապատրաստման դասընթացներում ներառել նաև քառամյա ծրագրի կազմման մեթոդաբանությանը, ինչպես նաև օրենսդրական վերջին փոփոխություններին վերաբերող թեմաներ: Նա հանձնարարեց փաստաթուղթը լրամշակելուց հետո ներկայացնել ՀՀ կառավարություն:

Կոլեգիայի քննարկմանը ներկայացվեց նաև «Տեղական ինքնակառավարման մարմիններում պետական մարմինների կողմից իրականացվող ստուգումների (հսկողական և վերահսկողական) և վարչական հսկողության գործընթացի կանոնակարգման մասին» վերլուծությունը:

Փաստաթուղթը լրամշակվելուց հետո մինչև տարեվերջ կներկայացվի ՀՀ կառավարություն: