AM
30 Օգոստոս 2013 - 12:38 AMT

ՀՀ պետական բյուջեով հիմնանորոգվում է մայրաքաղաքի 22 դպրոց

2013-2014 թվականների ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ ոլորտին առնչվող մի շարք հարցեր են քննարկվել հանրակրթական դպրոցների օգոստոսյան խորհրդակցության ընթացքում: Խորհրդակցությանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, հանրակրթական դպրոցների տնօրեններ:

Կարևորելով դպրոցների շենքային համապատասխան պայմանների ապահովումը՝ նշվել է, որ ՀՀ պետական բյուջեով հիմնանորոգվում է մայրաքաղաքի 22 դպրոց, քաղաքաշինության նախարարություն է ներկայացվել վերանորոգման անհրաժեշտություն ունեցող 96 դպրոցների վերաբերյալ տեղեկատվություն:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 1180 աշակերտի համար մի շարք դպրոցներում կազմակերպվել է ներառական կրթություն:

Քաղաքապետի Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ սոցիալապես անապահով ընտանիքների՝ 1-ից 4-րդ դասարանների շուրջ 7000 աշակերտներ սեպտեմբերի 1-ին ընդառաջ ստացել են պայուսակներ ու գրենական պիտույքներ։ Հանրակրթության վարչության պետը ներկայացրել է նաև առաջարկներ՝ դպրոցներում կրթական գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ: