AM
4 Ապրիլ 2006 - 13:11 AMT

Ռուսաստանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարները Մոսկվայում կքննարկեն ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցը

Վերջին տարիներին Հայաստանի հետ հարաբերությունները ձեռք են բերել ռազմավարական եւ դաշնակցային գործընկերության բնույթ, աչքի են ընկնում զարգացման դրական դինամիկայով: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Միխաիլ Կամինինը ապրիլի 5-7 Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի Մոսկվա կատարելիք այցի կապակցությամբ: Նրա խոսքերով, օրակարգում կլինեն Կովկասում իրավիճակի առողջացմանն ուղղված երկու երկրների ԱԳՆ-ի ջանքերի համակարգման, այստեղ առկա հակամարտությունների կարգավորման, համակովկասյան համագործակցության ծավալման համար վստահության մթնոլորտի ստեղծման հարցեր: «Օրակարգում կարեւորագույն տեղ կզբաղեցնի նաեւ ղարաբաղյան կարգավորումը»,-նշել է Կամինինը:

Ռուս դիվանագետը հիշեցրել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս հայ-ադրբեջանական երկխոսության շարունակման օգտին տարբեր մակարդակներում, առաջին հերթին երկու երկրների նախագահների միջեւ: «Մենք ելնում ենք նրանից, որ հակամարտության մասնակիցներն իրենք պետք է գտնեն փոխադարձաբար ընդունելի որոշում: Ռուսաստանը պատրաստ է ամենաակտիվ աջակցությունը ցուցաբերել ղարաբաղյան կարգավորման հարցում, ինչպես երկկողմ առումով, այնպես էլ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, եւ դառնալ ձեռք բերված պայմանավորվածությունների երաշխավորը»,-ասել է Կամինինը: Նա նաեւ նշել է, որ հաշվի առնելով Ռուսաստանի եւ Հայաստանի մոտեցումների նույնությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցում, հատուկ ուշադրություն կդարձվի այդ հակաահաբեկչական ուղղությամբ քաղաքական համագործակցության ամրապնդմանն ուղղված ջանքերը համակարգելուն:

Նրա խոսքերով, կողմերը կարծիքներ կփոխանակեն միջազգային ասպարեզում երկկողմ փոխգործակցության հարցերի շուրջ, միջազգային կազմակերպություններում գործողությունների համակարգման, ինչպես նաեւ տարածաշրջանային խանդիրների շուրջ: «Կողմերը կքննարկեն նաեւ համագործակցության հարցեր ԱՊՀ շրջանակներում, այդ թվում նաեւ ՀԱԿՊ գծով»,-նշել է դիվանագետը:

Երկկողմ հարաբերությունների քննարկման ժամանակ նախարարները կքննարկեն համագործակցության ամրապնդման հարցեր, մասնավորապես, տրանսպորտային եւ վառելիքաէներգետիկ ոլորտներում, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Հայաստանի սուբյեկտների միջեւ ուղղակի տնտեսական կապերի գծով: Բանակցությունների առաջնային թեմաներից մեկը կլինի Ռուսաստանում Հայաստանի տարվա անցկացումը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: