AM
4 Ապրիլ 2006 - 16:16 AMT

ՀՀ արդարադատության նախարարությունը չի մեկնաբանում հունական OTE-ի` ԱրմենՏելի բաժնետոմսերի հնարավոր վաճառքը

ՀՀ արդարադատության նախարարությունը չի մեկնաբանում այն տեղեկատվությունը, ըստ որի Հունական հեռահաղորդակցային OTE ընկերությունը դիտարկում է հայկական ԱրմենՏել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսի վաճառքի հնարավորությունը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է ՀՀ արդարադատության նախարարության մամլե ծառայության մամլո քարտուղար Արա Սաղաթելյանը:

Հիշեցնենք, որ այսօր ԶԼՄ-ները ինֆորմացիա էին տարածել, ըստ որի Հունական հեռահաղորդակցային OTE-ն խումբը քննարկում է հայկական ԱրմենՏել հեռահաղորդակցային ընկերության իր 90-տոկոսանոց մասը վաճառելու հնարավորությունը, հաղորդել է OTE-ն երեքշաբթի օրը: «Հայաստանի կառավարության հետ խորհրդակցություններից հետո, OTE-ն հայտարարեց, թե նախաձեռնել է ԱրմենՏելի իր 90 տոկոսանոց բաժնեմասը վաճառելու հնարավորության քննարկման գործընթացը»: OTE-ն ձեռք էր բերել հայկական ԱրմենՏել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը միջազգային մրցույթում 1997 թվականի վերջում, այդպիսով հեռահաղորդակցային ծառայություններ տրամադրելու մենաշնորհ ստանալով 15 տարվա համար, հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը: Մինչդեռ, վերջերս Հայաստանում լուրերն են տարածվել, որ ԱրմենՏելը կարող է գնել ռուսական «Մեգաֆոն» ընկերությունը: