Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը «ԱրմՌոսգազպրոմ» ընկերության հետ աշխատանքային խորհրդակցությունից հետո հայտարարել է, որ «ՀՀ-ն մտադիր է ռուսական կողմի հետ համատեղ մեծ ներդրումային ծրագիր իրականացնել Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի արդիականացման ուղղությամբ»: «Վերջին 2-3 ամսվա ընթացքում մենք շատ ակտիվ ենք աշխատել ռուսական կողմի հետ ռուսական գազի գնի բարձրացման հետեւանքները մեղմացնելու լուծում գտնելու համար»,-նշել է նախագահը: Ապրիլի 1-ից «ԱրմՌոսգազպրոմը» ռուսական գազը գնում է 110 դոլարով 1000 խորանարդ մետրի համար, նախկին 54 դոլարի դիմաց: «Մեր հիմնական նպատակն էր մեղմացնել գների աճի հետեւանքները բնակչության համար: Կարծում եմ, լուծում մենք գտանք, կառավարությանը հանձնարարված է առաջիկա օրերին ձեւակերպել վերջնական որոշումը: Մենք մտադիր ենք ռուսական կողմի հետ համատեղ մեծ ներդրումային ծրագիր իրականացնել Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի արդիականացման ուղղությամբ: Արդյունքում Հայաստանի կառավարությունը միջոցներ կստանա առաջիկա երեք տարիների ընթացքում գազի գնի աճը փոխհատուցելու համար, ինչպես բնակչության, այնպես էլ գործարարների համար, ինչպես նաեւ ավարտին կհասցնի անավարտ էներգաբլոկի շինարարությունը եւ արդիականացումը: Այդ ծրագրի իրագործումը թույլ կտա մեզ էլեկտրաէներգիա ստանալ գազի ավելի քիչ քանակից, իսկ դա հնարավորություն կտա մշակել ավելի մեղմ սցենարներ մեր հետագա սակագնային քաղաքականության մեջ»,-հայտարարել է Հայաստանի նախագահը: Ռ.Քոչարյանն ընդգծել է, որ «բնակչությունը կարող է հանգիստ լինել, սպառողի համար գազի գինը կբարձրանա ոչ ավել, քան 10-15 տոկոսվով»:
Հայաստանի նախագահը կարեւորեց նաեւ Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարանի արդիականացումը: «Եթե մենք 2-3 անգամ ավելացնենք պահեստարանի ծավալը, ձմեռվա ամիսներին մենք ապահովագրված կլինենք ամեն տեսակի անակնկալներից»,-նկատել է Ռովերտ Քոչարյանը, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը:





