AM
11 Ապրիլ 2006 - 12:20 AMT

ԵԱՀԿ ՄԽ-ն հուսով է «նոր հնարավորություններ» ստեղծել Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստվում են մայիսին այցելել Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածաշրջան: Այդ մասին Բաքվում ապրիլի 11-ին հայտարարել է ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեն: Մինսկի խմբի համանախագհների առանձին այցերը տարածաշրջան հակամարտության կողմերի հնարավոր մերձեցման նպատակ է հետապնդում, ասել է միջնորդը եւ հույս է հայտնել, որ այցը նոր խթան կհանդիսանա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող բանակցությունների համար: Բ. Ֆասյեն նշել է, որ անցյալ տարի միջնորդները «քիչ բան չարեցին», սակայն Ռամբուեյի հանդիպման ժամանակ առաջընթաց գրանցել չհաջողվեց: Ընդ որում նա համանախագահների անունից հույս հայտնեց Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացում «նոր հնարավորություններ» ստեղծելու հնարավորության առումով, ինչը ճանապարհ կբացի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նոր հանդիպումների համար:
Ֆրանսիացի համանախագահը հայտարարեց, որ Բաքու է ժամանել կոնկրետ առաջարկներով, սակայն չի կարող դրանք բացել: Միեւնույն ժամանակ, նա ավելացրեց, որ այդ առաջարկություններում ոչ մի նոր բան չկա: Բ. Ֆասյեն նաեւ ընդգծեց, որ բանակցություններում միջին տարբերակը գտնելու պատասխանատվությունը դրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի վրա, ինչի հնարավոր չէ հասնել առանց կողմերի համարձակության: Նշենք, որ օրվա առաջին կեսում Բ. Ֆասյեն բանակցություններ է վարել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպումը անցել է փակ դռների ետեւում, եւ դրա արդյունքների վերաբերյալ որեւէ հայտարարություն չի արվել, հայտնում է «Թրենդը»: