Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել, ըստ որի «Halo Trust կազմակերպությունը հայերի հետ համատեղ ռազմական հավաք է անցկացնում գրավյալ ադրբեջանական տարածքներում»: Մասնավորապես, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, հղում անելով Բելգիայում Ադրբեջանի դեսպանատան առաջին քարտուղար Ֆուադ Գումբատովին, «ԱՄՆ-ում եւ Անգլիայում գրանցված Halo Trust կազմակերպությունը ականազերծման պատրվակով ապօրինի գործունեություն է ծավալել գրավյալ ադրբեջանական հողերում»: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել ԼՂՀ Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ քարոզչության բաժնի պետ, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը, Halo Trust հասարակական կազմակերպությունը իսկապես զբաղվում է 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի ժամանակ տուժած ԼՂՀ շրջանների ականազերծմամբ: «Ադրբեջանական կողմն, ինչպես միշտ, ապատեղեկատվությամբ է զբաղված եւ այդ հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում: Ոչ մի ռազմական հավաք ԼՂՀ տարածքում չի անցկացվում, առավել եւս, հասարակական կազմակերպության կողմից»,-ասել է Հասրաթյանը:





