AM
17 Ապրիլ 2006 - 11:19 AMT

Թուրքիայի ձգտումը ԵՄ ազգայնական տրամադրություններ է արթնացնում հասարակության մեջ

Այս տարվա փետրվարին թուրք պատանու կողմից կաթոլիկ քահանա հայր Անդրեա Սանտորոյի սպանությունը ի ցույց դրեց հակաքրիստոնեական տրամադրությունները թուրքական հասարակության շրջանում, համոզված են հոգեւորականության որոշ ներկայացուցիչներ: Այդ մասին գրում է գերմանական «Շպիգել» ամսագիրը` մեջբերելով կաթոլիկ քահանա Պիեռ Բրունիսենի խոսքերը, որ հոգեւորականները Թուրքիայում հաճախ զրպարտվում են տեղի բնակչության կողմից, թե գայթակղում են իրենց կանանց, ապականում դեռահասներին: Նրա խոսքերով` ոչ մի հոգեւորական չի փորձում զբաղեցնել հայր Անդրեայի տեղը` անկայուն իրավիճակի պատճառով: «Թուրքիայի կրոնական իշխանությունները ընդհանուր առմամբ դիմադրում են մեր առաքելությանը` մեր գործունեությունն անվանելով ժամանակակից խաչակրաց արշավանք, որի նպատակը, նրանց կարծիքով, մահմեդական երիտասարդությանը իրական իսլամից շեղելն է»,- Բրունիսենին մեջբերում է «Շպիգելը»` նշելով, որ թեեւ Թուրքիայում քրիստոնյաներին ձեւականորեն թույլատրվում է դավանել սեփական կրոնը, այնուամենայնիվ, հայր Պիեռը նրանց խորհուրդ է տալիս խուսափել իրենց հավատքի հրապարակային ցուցադրումից եւ խաչ կրելուց: Իսկ Անատոլիայում ծառայող հոգեւորական Լուիջի Պադովեզեի խոսքերով` հայր Անդրեայի սպանությունից հետո Մերսինում երիտասարդ մահմեդականի դանակով հարձակումը քրիստոնյա հոգեւորականների վրա «զրկել է մեզ անվտանգության զգացողությունից, մինչդեռ նախկինում մենք ամենահանգիստ քրիստոնեական համայնքներից մեկն էինք»:

Գերմանացի ճիզվիտ քահանա, Անկարայում քրիստոնեա-իսլամական երկխոսության զարգացման հարցով Վատիկանի ներկայացուցիչ Ֆելիքս Քերների կարծիքով` «Թուրքիայի ձգտումը անդամակցել Եվրամիությանը ազգայնամոլական արձագանքներ է ծնում հասարակության մեջ: Նույնիսկ կրթված, մտավորական շրջանակներում ներկայումս գտնում են, որ ԵՄ-ին անդամակցելը սպառնում է երկրի ազգային ոգուն եւ միասնականությանը»,- նշել է նա, հաղորդում է «Երկիրը»: