Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը այսօր Երեւանում հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ քննարկում են Քոչարյան-Ալիեւ նոր հանդիպման կազմակերպման հեռանկարները: Նրա խոսքերով, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման անցկացման կոնկրետ ամսաթվի մասին խոսելը վաղաժամ է:
«Նախագահների հանդիպումը արդարացված կլինի միայն այն դեպքում, եթե միջնորդների այցերը տարածաշրջան արդյունավետ լինեն: Հանդիպումը իմաստ չի ունենա, եթե դրա անցկացումից առաջ փոփոխություն չնկատվի Ռամբուեյի բանակցությունների հետեւանքով ստեղծված իրադրությոան մեջ»,- ասել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը:
Վարդան Օսկանյանը նշել է, որ «այսօր առավել քան երբեւէ ադրբեջանական կողմը ըմբռնումով է մոտենում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքին, չնայած դա խնդիրներ է ստեղծում իր համար»:
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ասել է, որ վաղաժամ է համարում որեւէ տարածքների վերադարձի մասին խոսելը: «Ինչ վերաբերում է գաղթականների վերադարձի հարցին, ապա այն երկողմանի բնույթ է կրում եւ դրա կարգավրումը պետք է համապատասխան լինի բոլոր կողմերի համար»,- նկատել է Վարդան Օսկանյանը, հաղորդում է Մեդիամաքսը:





