Եվրամիությունը շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում եւ պատրաստ է ցանկացած միջոցներով աջակցել ղարաբաղյան խնդրի խաղաղ լուծմանը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ Եռյակի պատվիրակության ղեկավար, Ավստրիայի ԱԳՆ պետքարտուղար Հանս Վինկլերը: Նրա խոսքերով, կարգավորման ձգձգումը խանգարում է տարածաշրջանի լուրջ զարգացմանը: «Միայն ղարաբաղյան հակամարտության կողմերը կարող են լուծել խնդիրը, եւ եթե նրանք ցանկանան, որ մենք օգնենք, դա կարվի անհապաղ»,-ասել է նա: Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացման եւ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին` Վինկլերը նշել է, որ ԵՄ-ի համար շատ կարեւոր է, որ Հայաստանը հստակ դիրքորոշում ունի այդ հարցում եւ ցանկանում է նորմալացնել հարաբերույթունները Թուրքիայի հետ:





