Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքը պետք է որոշի, թե ինչ կարգավիճակ է իրեն հարկավոր` այդպիսին է Հայաստանի դիրքորոշումը: Այդ մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, Հայաստանը պատրաստ կլինի քննարկել Ադրբեջանի հետ պատերազմի հետեւանքների վերացման հարցերը միայն այն ժամանակ, երբ պաշտոնական Բաքուն ճանաչի Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: «Հետո արդեն կարելի կլինի խոսել փախստականների վերադարձի եւ անվտանգության գոտի կազմող տարածքների վերադարձի մասին: Ինչ վերաբերում է նրան, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նոր առաջարկներ են ներկայացրել, ապա դա եւ ճիշտ է, եւ ոչ: Առաջարկները, իսկ ավելի ստույգ կարգավորման սկզբունքերը նույնն են մնում: Կարող են փոփոխվել միայն մեխանիզմները»,-ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:





