AM
4 Փետրվար 2014 - 13:10 AMT

ՊԵԿ-ը պարզաբանում է. Մինչև ՍԴ որոշումը կուտակային վճարներ չանելու դեպքում գործատուները չեն տուգանվի

Պետական եկամուտների կոմիտեն պարտադիր կուտակայինի ներդրման հարցում գործում է բացառապես օրենքով վերապահված լիազորություններով, տեղեկացնում են ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից: Պարզաբանումում, որը ՊԵԿ-ը տարածել է, ասվում է, թե 2010-ի դեկտեմբերի 22-ին ԱԺ կողմից ընդունված մեծածավալ օրենսդրական փաթեթով նախատեսվում էր Հայաստանում եկամտային հարկի և կուտակային վճարների աստիճանաբար ներդրում: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը հաստատել էր դրա իրականացման համապատասխան միջոցառումներն ու ժամանակացույցը:

«Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարների հաշվարկները ընդունելու և մշակելու, եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարների պարտավորությունները հաշվառելու համար ՊԵԿ-ում օգտագործվող համակարգչային ծրագիրը նախագծվել (մշակվել) է վերը նշված օրենքներին, միջոցառումներին համապատասխան:

Հաշվի առնելով, որ պարտադիր կուտակային վճարները` որպես նշված համակարգի բաղադրիչ, հաշվարկվում են գործատուների կողմից եկամտային հարկի և պարտադիր կուտակայինի ամփոփ հաշվարկներում նշված աշխատավարձերից, դրանց հաշվարկման ծրագրային մոդուլը ևս ապահովում է պարտադիր կուտակայինի ավտոմատ հաշվարկումը, ինչպես դա իրականացվում է եկամտային հարկի և այլ հարկատեսակների համար:

Դա պայմանավորված է «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հստակ պահանջով, համաձայն որի` գործատուները պարտավոր են յուրաքանչյուր ամսվա համար այդ ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել եկամտային հարկի ամփոփ հաշվարկ, որտեղ ներառվում է նաև հաշվարկված և պահված կուտակային վճարների վերաբերյալ անհատական տեղեկություններ: Հետևաբար` ՊԵԿ-ն իրավասու չէ խախտել գործող օրենքի պահանջը՝ հաշվետվության ձևից հանելով պարտադիր կուտակային վճարների դաշտը:

Միաժամանակ` անհրաժեշտ է հաշվի առնել, որ, «Կուտակային վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, իրենց աշխատողների համար (անունից) պարտադիր կուտակային վճարները հաշվարկելու և փոխանցելու պարտականությունը կրում են գործատուները` որպես հարկային գործակալ: Պարտադիր կուտակային վճարների հաշվարկումը պայմանավորված չէ վարչարարության գործիքների կիրառմամբ: Բոլոր այն դեպքերում, երբ գործատուները (ֆիզիկական անձինք) չեն վճարի հաշվարկված պարտադիր կուտակային վճարները, Սահմանադրական դատարանի հունվարի 24-ի որոշմամբ` նրանց նկատմամբ հարկային մարմինների կողմից մինչև մարտի 28-ը չեն հաշվարկվի տույժեր և չեն կիրառվի օրենքով սահմանված պատասխանատվության այլ միջոցներ»,- ասվում է ՊԵԿ պարզաբանումում:

ՀՀ սահմանադրական դատարանը հունվարի 24-ին նիստում որոշել էր կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի (այն է՝ պատասխանատվությունը պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացմամբ կատարելու համար) և 86-րդ հոդվածի 3-րդ մասի (այն է՝ ֆոնդի և կառավարչի պարտադիր ընտրություն) գործողությունը մինչև օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործի դատաքննության ավարտը: Որոշումն ուժի մեջ էր մտել հրապարակման պահից: Հիշյալ գործով դատաքննությունը կկայանա մարտի 28-ին` բանավոր ընթացակարգով:

Երեկ՝ փետրվարի 3-ին, ԱԺ 5-րդ գումարման գարնանային նստաշրջանի մեկնարկին ևս անդրադարձել էին ՍԴ որոշման վերաբերյալ քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին: Սոցապ նախարար Արտեմ Ասատրյանի մեկնաբանմամբ, գործատուն օրենքով սահմանված պարտավորություն ունի՝ որպես հարկային գործակալ կատարել պահումներ ու փոխանցել պարտադիր կուտակային վճարները:

Դա օրենքով սահմանված պարտավորություն է, բայց այսօր այդ պարտավորությունն իրականացնող սանկցիան կասեցված է»,- ասել էր նախարարը՝ նշելով, որ պարտաճանաչ գործատուն երբևէ չպետք է նայի` դա սանկցիա ունի, թե` ոչ:

Ճեպազրույցում լրագրողների դիտարկմանը, թե այդ դեպքում ինչ դեր ունի ՍԴ որոշումը, եթե գործատուները, միևնույն է, կատարելու են պարտադիր կուտակային վճարները, նախարարն ասել էր, որ ՍԴ որոշումները չեն մեկնաբանվում, այն ապահովել է, որ գործատուների համար տույժ ու տուգանքներ չառաջանան:.

Ավելի վաղ փաստաբան Նորայր Նորիկյանը PanARMENIAN.Net-ին բացատրել էր, որ իրավական տեսանկյունից ՍԴ որոշումը հնարավորություն է տալիս կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի մասնակիցներին չընտրել կառավարիչ և ֆոնդ ու մինչև ՍԴ վերջնական որոշումն այդ ֆոնդին գումարներ չփոխանցել: Ըստ փաստաբանի, այդ հոդվածները գործողության մեջ կդրվեն ՍԴ կողմից ընդունված որոշումից հետո, հետևաբար դրան նախորդող ժամանակաշրջանների համար գումար չի կարող գանձվել, քանի որ դա վատթարացնելու է այն մասնակիցների իրավական-սոցիալական վիճակը, որոնց վրա օրենքը տարածվում է:

Մինչ և վերջնական որոշումը պետական համակարգում կարող են լինել մարդիկ, ովքեր կարող են գնալ և սկսել հունվարից վճարել, քանի որ օրենքը չի կաշկանդում մասնակիցներին:

«ՍԴ որոշումը չի կասեցրել օրենքի փիլիսոփայությունը, ընդամենն ասել է՝ եթե չվճարես, չես պատժվի, և եթե կառավարիչ ու ֆոնդ չընտրես, քեզ չենք կարող պատասխանատվության ենթարկել: Բայց կա մտավախություն, որ պետական հիմարկները, վարչական ճնշման ներքո և ֆոնդեր, և կառավարիչներ ընտրեն և սկսեն ամսական պարտավորություններով վճարումներ կատարելը»,- նշել էր Նորիկյանը:

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հունվարի 29-ին մամուլի ասուլիսում չէր ցանկացել մեկնաբանել ՍԴ որոշումը` պարզաբանելով, որ ինքն իրավաբանական բավարար գիտելիքներ չունի դրա համար, բայց նշել էր, որ իրենք որպես գործատու իրենց աշխատողների կենսաթոշակային վճարումները կատարում ու կատարելու են:

2014-ի հունվարի 1-ից Հայաստանն անցավ պարտադիր կուտակային համակարգի, որը վերաբերում է 1973-ի դեկտեմբերի 31-ից հետո ծնվածներին, որոնք աշխատում են և գրանցված են աշխատավայրում: Մինչև 500 հազար դրամ աշխատավարձ ստացողները վճարումներ կկատարեն իրենց աշխատավարձի 5%-ի չափով, ևս 5% այդ աշխատողների անհատական հաշվին կփոխանցի պետությունը։ 500 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողի անհատական կուտակային ֆոնդին պետությունը 25 հազար դրամից ավելի չի վճարի։ Օրինակ, եթե աշխատավարձը կազմում է 100 հազար դրամ, ապա անհատն ամեն ամիս իր անձնական կուտակային հաշվեհամարին պետք է փոխանցի 5000 դրամ, նույնքան կփոխանցի պետությունը: Եթե ստանում եք 500 հազարից ավելի աշխատավարձ, օրինակ, 700 հազար, պետությունը կավելացնի միայն 25 հազար դրամ, իսկ քաղաքացին կփոխանցի 45 հազարը:

Պարտադիր բաղադրիչի ներդրումը մեծ աղմուկ էր առաջացրել հասարակության շրջանակում, ստեղծվել էին մի շարք քաղնախաձեռնություններ, որոնք մինչև օրս էլ այդ համակարգին դեմ են արտահայտվում ու շարունակում են բողոքել: Համակարգին դեմ էին նաև խորհրդարանական ոչ իշխանական 4 ուժերը, որոնք ԱԺ-ին առաջարկել էին մեկ տարով հետաձգել համակարգի ներդրումն ու շարունակել քննարկումները, քանի որ դա շատ լուրջ փոփոխություն է, իսկ«համակարգը թերի է»: 2013-ի դեկտեմբերի 4-ին հարցով հրավիրված արտահերթին խորհրդարանը դեմ էր քվեարկել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառումը մեկ տարով հետաձգելու առաջարկությանը: Քաղաքացիներն այդ ընթացքում մի շարք բողոքի ակցիաներ անցկացրին, որոնց ընթացքում նամակ հանձնեցին Օմբուդսմենին, ինչպես նաև Կառավարությանը:

Դեկտեմբերի 13-ին էկոնոմիկայի նախարարությունում Հանրապետության նախագահը՝ պատասխանելով աշխատակիցների հարցերին, անդրադարձել էր նաև կենսաթոշակային բարեփոխումներին: Սերժ Սարգսյանը նշել էր, որ «շատ դրական» է գնահատում նոր համակարգը, և բոլոր նրանք, ովքեր համամիտ են, պիտի «ավելի ակտիվ լինեն»:

Ինչպես դեկտեմբերի 27-ին լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանն ասել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, պարտադիր կուտակայինը Հայաստանի համար այլընտրանք չունի, քանի որ «սերունդների համերաշխության» սկզբունքն արդար չէ։ Հաշվի առնելով, որ այսօր Հայաստանում միջին կենսաթոշակը 30 հազար դրամ է, իսկ ծայրահեղ աղքատության շեմը՝ 27 հազար, ստացվում է, որ կենսաթոշակի անցնող մարդը գրեթե աղքատ է դառնում։

«Մոտեցումը հետևյալն է՝ ամեն մեկը պատասխանատու է իր ապահով ծերության համար։ Ռեֆորմը, որի վրա 10 տարի ենք ծախսել, որի վրա լավագույն միջազգային մասնագետներն են աշխատել, թույլ կտա այսօրվա երիտասարդներին 30-40 տարի առաջ նայել ու պլանավորել կյանքը»,- նշել էր կառավարության ղեկավարը։ Խոսելով դժգոհությունների մասին, որոնք առաջացել են համակարգի շուրջ, վարչապետն ասել էր, որ դրանք պոպուլիստական են ու հիշեցրել, որ նման բացասական վերաբերմունք կար նաև քաղծառայողների համար սոցփաթեթի համակարգի ներդրման հանդեպ, որով այժմ բոլորը շատ գոհ են։