«Նվաճիր իրավունքդ». Պարտադիր կուտակայինի դեմ բողոքողներն այսօր՝ փետրվարի 6-ին, «իրավունքի նվաճման երթի» էին դուրս եկել այս խորագրի ներքո: Պայմանավորվել էին՝ կհավաքվեն ԿԳ նախարարության շենքի մոտ, կոչեր կհնչեցնեն, այնուհետև երթով կշարժվեն դեպի ֆինանսների նախարարություն՝ Կառավարություն՝ ՊԵԿ, ապա՝ քաղաքապետարան:
Ակցիայի մասնակիցների պահանջն էր՝ Սահմանադրական դատարանի որոշումը պիտի կատարվի, պետհիմնարկների աշխատակիցներին չպետք է ստիպեն աշխատավարձից հատկացումներ անել պարտադիր կուտակային ֆոնդերին։ Հենց այդ պահանջն էլ նրանք հնչեցնում էին Կառավարության 3-րդ շենքի դիմաց, որտեղ հավաքվել էին, իսկ պատուհաններից իրենց հետևող գերատեսչությունների աշխատակիցներին կոչ անում միանալ իրենց պայքարին:
Հայաստանի սահմանադրական դատարանը հունվարի 24-ի նիստում որոշել էր կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի (այն է՝ պատասխանատվությունը պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացմամբ կատարելու համար) և 86-րդ հոդվածի 3-րդ մասի (այն է՝ ֆոնդի և կառավարչի պարտադիր ընտրություն) գործողությունը մինչև օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործի դատաքննության ավարտը:

Կառավարական շենքի դիմաց էին նաև ոստիկանները՝ պահանջում էին չխոչընդոտել Արամի փողոցով երթևեկությունն ու ազատել ճանապարհը։ Ցուցարարներն իրենց հերթին նույնն իրավապահներից էին պահանջում։
Այստեղ էր նաև «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով լրագրողների հետ խոսելով շարժման մասին, նշեց՝ երկիրն այնպիսի իրավիճակում է, որ կարևոր չէ՝ շարժումը քաղաքական է, թե՝ քաղաքացիական, պետք է անտեսել բոլոր այդ հարցերն ու պայքարել սահմանադրական երկիր ունենալու համար, գրում է Tert.am-ը։
Իմիջիայլոց, ԱԺ ոչ իշխանական խմբակցություններից ներկաներ երթին չկային՝ խորհրդարանում այսօր շարունակվում էր ԱԺ քառօրյան:
Հավաքվածների հիմնական կոչերը «կա-սե-ցումն» ու «դեմ եմ»-ն էին, որոնցով էլ նրանք շարժվեցին ֆինանսների նախարարության ուղղությամբ: Անցնելով այն ու պատուհաններից երթին հետևող նախարարության աշխատակիցներին ևս կոչ էին անում միանալ ու պայքարել իրենց իրավունքների համար:
«Ամոթ», «Դեմ ենք», «Հաղթանակ», «Մենք ենք տերը մեր երկրի» կոչերով ցուցարարները հասան Կառավարության շենքի մոտ, որի ներսում դեռ ընթանում էր գործադիրի նիստը:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ատենապետ Գերասիմ Վարդանյանն իր ելույթում նշեց, որ առաջինը հենց Կառավարությունը պետք է կատարեր ՍԴ որոշումն ու կասեցներ պարտադիր պահումերը։
Հաջորդ կանգառը Կենտրոնական բանկի դիմաց էր, որտեղ ցուցարարները դրամի արձանին կպցրեցին «Դեմ եմ» կոչը: ԿԲ նախագահին ևս նրանք կոչ արեցին կանգնել ժողովրդի կողքին ու կյանքի չկոչել այդ ապօրինի որոշումը։
Երթի ամբողջ ընթացքում մասնակիցներին ուղեկցում էր ոստիկաններից կազմված շարանը. իրավապահները հետևում էին, որ մասնակիցները քայլեն բացառապես մայթերով: ԿԲ-ից դեպի ՊԵԿ գլխավոր մասնաշենք երթի մասնակիցները շարժվեցին ՊԵԿ-ի դիմացի մայթով՝ ոստիկաններն այդպես թույլատրեցին։
Հասնելով շենքի դիմաց, ակցիայի մասնակիցներն այնուամենայնիվ ճեղքեցին ոստիկանների պատնեշը, իրադրությունը լարված էր՝ իրավապահներն ու քաղաքացիները հրմշտում էին միմյանց:

Անցնելով ոստիկանական պատը, ակտիվիստներից մեկը «Դեմ եմ»-ի թռուցիկը փակցրեց ՊԵԿ–ի մուտքին. իրավապահներն անմիջապես պոկեցին այն։ Երթի մասնակիցները սպասում էին, որ ՊԵկ-ից ինչ-որ մեկը դուրս կգա ու կպատասխանի իրենց հուզող հարցերին, ինչն այդպես էլ չկայացավ: Նրանք շարժվեցին դեպի քաղաքապետարան:
Կառույցի աշխատակիցներին ևս կոչ էին անում միանալ «իրավունքի նվաճման» երթին: «Ոչ ոք մեր երկրում ճնշված չպետք է լինի»,- հայտարարեցին կազմակերպիչները, գրում է Panorama.am-ը:
Խոսքն ուղղելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին, կազմկակերպիչները հիշեցրին, թե ինչպես էր ամիսներ առաջ քաղաքացին այս նույն շենքի դիմաց պայքարում իր իրավունքների համար:

Քաղաքապետարանը երթի վերջին կետն էր: Վերջում Գերասիմ Վարդանյանը կոչ արեց միանալ իրենց հաջորդ ակցիաներին, որոնք կանցնեն մարզերում: Դրանցից առաջինը փետրվարի 8-ին է՝ Վանաձորում:
Երթն ավարտեց «Հաղթանակ» կոչերով:
2014-ի հունվարի 1-ից Հայաստանն անցավ պարտադիր կուտակային համակարգի, որը վերաբերում է 1973-ի դեկտեմբերի 31-ից հետո ծնվածներին, որոնք աշխատում են և գրանցված են աշխատավայրում: Մինչև 500 հազար դրամ աշխատավարձ ստացողները վճարումներ կկատարեն իրենց աշխատավարձի 5%-ի չափով, ևս 5% այդ աշխատողների անհատական հաշվին կփոխանցի պետությունը։ 500 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողի անհատական կուտակային ֆոնդին պետությունը 25 հազար դրամից ավելի չի վճարի։ Օրինակ, եթե աշխատավարձը կազմում է 100 հազար դրամ, ապա անհատն ամեն ամիս իր անձնական կուտակային հաշվեհամարին պետք է փոխանցի 5000 դրամ, նույնքան կփոխանցի պետությունը: Եթե ստանում եք 500 հազարից ավելի աշխատավարձ, օրինակ, 700 հազար, պետությունը կավելացնի միայն 25 հազար դրամ, իսկ քաղաքացին կփոխանցի 45 հազարը:
Պարտադիր բաղադրիչի ներդրումը մեծ աղմուկ էր առաջացրել հասարակության շրջանակում, ստեղծվել էին մի շարք քաղնախաձեռնություններ, որոնք մինչև օրս էլ այդ համակարգին դեմ են արտահայտվում ու շարունակում են բողոքել: Համակարգին դեմ էին նաև խորհրդարանական ոչ իշխանական 4 ուժերը, որոնք ԱԺ-ին առաջարկել էին մեկ տարով հետաձգել համակարգի ներդրումն ու շարունակել քննարկումները, քանի որ դա շատ լուրջ փոփոխություն է, իսկ«համակարգը թերի է»: 2013-ի դեկտեմբերի 4-ին հարցով հրավիրված արտահերթին խորհրդարանը դեմ էր քվեարկել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառումը մեկ տարով հետաձգելու առաջարկությանը: Քաղաքացիներն այդ ընթացքում մի շարք բողոքի ակցիաներ անցկացրին, որոնց ընթացքում նամակ հանձնեցին Օմբուդսմենին, ինչպես նաև Կառավարությանը:
Դեկտեմբերի 13-ին էկոնոմիկայի նախարարությունում Հանրապետության նախագահը՝ պատասխանելով աշխատակիցների հարցերին, անդրադարձել էր նաև կենսաթոշակային բարեփոխումներին: Սերժ Սարգսյանը նշել էր, որ «շատ դրական» է գնահատում նոր համակարգը, և բոլոր նրանք, ովքեր համամիտ են, պիտի «ավելի ակտիվ լինեն»: Ինչպես դեկտեմբերի 27-ին լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանն ասել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, պարտադիր կուտակայինը Հայաստանի համար այլընտրանք չունի, քանի որ «սերունդների համերաշխության» սկզբունքն արդար չէ։ Հաշվի առնելով, որ այսօր Հայաստանում միջին կենսաթոշակը 30 հազար դրամ է, իսկ ծայրահեղ աղքատության շեմը՝ 27 հազար, ստացվում է, որ կենսաթոշակի անցնող մարդը գրեթե աղքատ է դառնում։
«Մոտեցումը հետևյալն է՝ ամեն մեկը պատասխանատու է իր ապահով ծերության համար։ Ռեֆորմը, որի վրա 10 տարի ենք ծախսել, որի վրա լավագույն միջազգային մասնագետներն են աշխատել, թույլ կտա այսօրվա երիտասարդներին 30-40 տարի առաջ նայել ու պլանավորել կյանքը»,- նշել էր կառավարության ղեկավարը։ Խոսելով դժգոհությունների մասին, որոնք առաջացել են համակարգի շուրջ, վարչապետն ասել էր, որ դրանք պոպուլիստական են ու հիշեցրել, որ նման բացասական վերաբերմունք կար նաև քաղծառայողների համար սոցփաթեթի համակարգի ներդրման հանդեպ, որով այժմ բոլորը շատ գոհ են։





