AM
27 Ապրիլ 2006 - 11:30 AMT

Հայաստանի համար անընդունելի է Ռուսաստանի եւ Եվրամիության հակադրումը

Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի հետ կապերն ընդլայնելու Հայաստանի ձգտումը ուղղված չէ Ռուսաստանի դեմ, հայտարարել է Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը: «Ես այն բանի կողմնակիցն եմ, որ մենք ինտենսիվորեն զարգացնենք հարաբերությունները ԵՄ-ի հետ եւ նպատակդրված ինտեգրվենք տարբեր եվրոպական կառույցներին, այդ թվում նաեւ Եվրոպայի Խորհրդին»,-ասել է Ա.Բաղդասարյանը լրագրողներին Սանքտ Պետերբուրգում: Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ «դա չի նշանակում, թե Հայաստանի համագործակցությունն ԵՄ-ի հետ պետք է վատթարացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ: «Մեզ համար անընդունելի է ամենահուսալի գործընկերը հանդիսացող Ռուսաստանին Եվրամիությանը հակադրելը»,-նշել է նա: Անդրադառնալով Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերություններին, խոսնակը նշել է, որ «մենք ունենք գործակցության անհատական ծրագիր, սակայն խոսքն ընդամենը համագործակցության մասին է: «ՆԱՏՕ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության մասին հարց մեր արտաքին քաղաքականության օրակարգում չկա»,-հայտարարել է Արթուր Բաղդասարյանը, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: