AM
27 Ապրիլ 2006 - 11:40 AMT

Բուշի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը հայ համայնքի պահանջն է, ոչ թե խնդրանքը

«Թուրքիան ընտրեց եվրաինտեգրման ճանապարհը, այդպիսով ցանկանալով ցույց տալ Եվրոպային, թե պատրաստ է Հայաստանի հետ դիվանագիտական երկխոսության, սակայն եթե այսօրվա Թուրքիան Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր դիրքորոշմամբ դառնա ԵՄ անդամ, դա վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ Հայաստանի համար»,-ապրիլի 27-ին Երեւանում հայտարարել է «Հայ դատի» գրասենյակի եւ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական հարցերի գծով ղեկավար Կիրո Մանոյանը: Ըստ նրա, Հայաստանի արտաքին քաղաքականությունն այդ ուղղությամբ տալիս է իր արդյունքը` Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել է 18 երկիր: «Ցեղասպանության ճանաչման հարցը առաջին հերթին քաղաքական խնդիր է, հետո արդեն արդարության եւ պատմական ճշմարտության վերականգնման հարց»,-գտնում է Կիրո Մանոյանը: Նա նշել է նաեւ, որ Թուրքիան «խոշոր սխալներ է» թույլ տալիս իր արտաքին քաղաքականության մեջ: Այդպես, այդ երկրի կողմից ստեղծված թուրքական սփյուռքը ագրեսիվ ակցիաներ է կազմակերպում, որոնք միայն վնասում են Թուրքիայի արտաքին քաղաքականությանը: «Հայ դատի» գրասենյակի ղեկավարը հիշեցրել է, որ Գերմանիայի իշխանությունները արգելեցին թուրքական կազմակերպությունների ցույցը, որը պետք է տեղի ունենար մարտի 18-ին Բեռլինում` Բերռլինում հայ ուսանող Սողոմոն Թեհլերյանի կողմից 1915 թ. Հայոց ցեղասպանության գլխավոր հեղինակներից մեկի Թալաաթ-փաշայի սպանության 85-ամյակի կապակցությամբ: Այդ ժամանակ Անկարայում Գերմանիայի դեսպանատունը հրաժարվեց մուտքի արտոնագրեր տրամադրել այն թուրքերին, որոնք մտադիր էին մեկնել Բեռլին այդ հանրահավաքին մասնակցելու նպատակով:

Կիրո Մանոյանը նշեց նաեւ, որ ԱՄՆ հայ համայնքը երբեք չի խնդրել նախագահ Բուշին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, «այլ պահանջում է դա»: Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված իր ամենամյա խոսքում կրկին խուսափեց 1915 թվականի իրադարձությունները «ցեղասպանություն» անվանելուց», հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: