Հայաստանը մտադիր չէ եւ իրավունք չունի միջամտել Թուրքիայի եւ Ֆրանսիայի հարաբերություններին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքերով, խորհրդակցությունների համար Փարիզից իր դեսպանին ետ կանչելը Թուրքիայի ներքին գործն է, որն ինքնուրույյն է կայացնում իր որոշումները: «Մենք իրավունք չունենք միջամտելու իր դեսպանին ետ կանչող երկրի քաղաքականությանը, ինչպես նաեւ երրորդ երկրի դիրքորոշմանը ընդունվող որոշման կապակցությամբ: Հայաստանի համար նորություն չեն թուրքական կողմի արտահայտությունները Հայոց ցեղասպանության հարցը «քաղաքականացումից» զերծ պահելու վերաբերյալ, սակայն Հայաստանը ողջունում է օրինագիծը, որով քրեական պատիժ է սահմանվում Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար»,-ընդգծել է Կարապետյանը:
Նշենք, որ մայիսի 18-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում նախատեսվում է Հայոց ցեղասպանության մերժումը հանցագործություն հռչակելու վերաբերյալ օրինագծի քննարկումը:





