AM
12 Մայիս 2006 - 11:04 AMT

Հայաստանի խորհրդարանի խոսնակն անցնում է ընդդիմության շարքերը

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ, «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանն անցնում է ընդդիմության ճամբար: Մայիսի 12-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ, մեկնաբանելով վերջին իրադարձությունները, Ա.Բաղդասարյանը հայտարարել է.«Իհարկե, մենք ընդդիմություն ենք դառնում, սակայն մեր մոտեցումներով»: «Մենք պայքարի մեր ճանապարհն ունենք»,-հավելել է նա: Նշենք, որ մայիսի 11-ի ուշ երեկոյան «Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհրդի նիստում որոշում է կայացվել կոալիցիայից դուրս գալու մասին: Իշխող կոալիցիան ձեւավորվել է 2003 թվականի հունիսի 11-ին` 2003 թվականի մայիսի 25-ի ընտրությունների արդյունքների հիման վրա: Համապատասխան հուշագիր ստորագրեցին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Հանրապետական կուսակցությունը (ղեկավար` վարչապետ Անդրանիկ Մարգարյան), «Օրինաց երկիր» կուսակցությունը եւ Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ): «Օրինաց երկիրը» Հայաստանի կառավարությունում ուներ երեք նախարարական պորտֆել, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: