AM
12 Մայիս 2006 - 11:31 AMT

Արթուր Բաղդասարյանը հրաժարականի մասին դիմում կներկայացնի մայիսի 22-ին

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ, «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը հրաժարական է տալիս: Այդ մասին Արթուր Բաղդասարյանը հայտարարեց մայիսի 12-ին մամլո ասուլիսում: «Ստեղծված իրավիճակում իմ համար անընդունելի է հրաժարական չտալը»,-նշել է նա: Նրա խոսքերով, ըստ կանոնակարգի մայիսի 22-ին նա հրաժարականի մասին դիմում կներկայացնի, իսկ 5 օրից կհաստատի այն: «Անշուշտ, մենք կարող էինք հարց բարձրացնել վստահության քվեի մասին, սակայն ես չեմ ցանկանում այդ կերպ գնալ»,-հայտարարել է խոսնակը: Բացի այդ, ըստ Բաղդասարյանի, ըստ «Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհրդի միաձայն որոշման, այս քաղաքական ուժի բոլոր ներկայացուցիչները, որոնք զբաղեցնում են այս կամ այն պաշտոնը կառավարությունում եւ այլ պետական կառույցներում, նույնպես կհրաժարվեն զբաղեցրած պաշտոններից: Նշենք, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը երեք նախարարական պորտֆել ունի` քաղաքաշինության (այս գերատեսչության նախարարն այսօր լքել է «ՕԵ»-ի շարքերը), կրթության եւ գիտության եւ մշակույթի եւ երիտասարդության հարցերով նախարարություններում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: