Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Համաշխարհային հայկական կոնգրեսի (ՀՀԿ) նախագահ եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին: Կողմերը քննարկեցին ՀՀԿ նախաձեռնությամբ առաջիկա օրերին Երեւանում կազմակերպվելիք միջոցառումներին առնչվող հարցեր: Արա Աբրահամյանը ներկայացրեց «Կովկասն առանց հակամարտության, ահաբեկչության. քաղաքակրթությունների երկխոսություն կովկասյան խաչմերուկում» միջազգային համաժողովի եւ Հայոց ցեղասպանության հարցերով զբաղվող փորձագետների հանձնաժողովի նիստի կազմակերպման մանրամասներն ու սպասվող ակնկալիքները:
Նշելով համաժողովներում քննարկվելիք հարցերի արդիականությունը` Վարդան Օսկանյանը պատրաստակամություն հայտնեց ՀՀ ԱԳՆ համապատասխան մակարդակով միջոցառումներին մասնակցելու վերաբերյալ: Արա Աբրահամյանը արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարին նաեւ ներկայացրեց ՀՀԿ անելիքներն ու առաջիկա ծրագրերը: Զրուցակիցները հանգամանորեն անդրադարձան ս.թ. սեպտեմբերին Երեւանում կայանալիք Հայաստան-Սփյուռք երրորդ համաժողովի օրակարգի առանցքը հանդիսացող Հայաստանի գյուղական համայնքների զարգացման ծրագրին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:





