AM
1 Հունիս 2006 - 14:05 AMT

Հայաստանն ու Ղազախստանը քաղաքական տարաձայնություններ չունեն

Աստանայում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հանդիպումը Ղազախստանի ԱԳ նախարար Կասիմժոմարտ Տոկաեւի հետ, որտեղ կողմերը քննարկեցին երկկողմ եւ միջազգային կարեւորություն ներկայացնող մի շարք հարցեր: Երկուստեք գոհունակություն հայտնվեց երկու երկրների միջեւ քաղաքական հարաբերությունների մակարդակից: Փոխադարձ շահագրգռվածություն դրսեւորվեց տնտեսական համագործակցության խորացման վերաբերյալ, որին մեծապես նպաստում են հայ-ղազախական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի աշխատանքները, ինչպես նաեւ ձեւավորված իրավական դաշտն ու երկու երկրների միջեւ քաղաքական տարաձայնությունների բացակայությունը:

Վարդան Օսկանյանը կարեւորեց գործարարների հանդիպումների կազմակերպումն ու Հայաստանում եւ Ղազախստանում մշակութային միջոցառումների անցկացումը:

Այնուհետեւ նախարարները նշեցին ԱՊՀ, ՀԱՊԿ եւ Եվրասիական տնտեսական համագործակցության կազմակերպությունում, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակում փոխշահավետ համագործակցության կարեւորությունը: Հանդիպման ընթացում հատուկ ուշադրության արժանացան էներգետիկ եւ տրանսպորտային խնդիրները: Այս առիթով նախարար Տոկաեւը ներկայացրեց Ղազախստանի դիրքորոշումը մի շարք տարածաշրջանային ծրագրերում, մասնավորապես Կասպից շրջանի նախագծերում Ղազախստանի ներգրավման վերաբերյալ:

Հաշվի առնելով, որ Ղազախստանը հավակնում է 2009 թ. ԵԱՀԿ նախագահությանը` ՀՀ ԱԳ նախարարը ՂՀ ԱԳ նախարարին մանրամասն ներկայացրեց ղարաբաղյան կարգավորման վերջին զարգացումները: Հանդիպման ավարտին, նախարար Վարդան Օսկանյանը գործընկերոջը հրավիրեց պաշտոնական այց կատարել Հայաստան իրեն հարմար ժամանակ: Նույն օրը ՀՀ ԱԳ նախարարը հանդիպում ունեցավ ՂՀ նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ եւ ելույթ ունեցավ Դիվանագիտության ինստիտուտի ուսանողների առաջ: Հունիսի 2-ին Ալմաթիում նախարար Օսկանյանը հանդիպում կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որից հետո կվերադառնա Հայաստան, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: